չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են ռմբակոծել Իրանի միջուկային օբյեկտները. Daily Mail

ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են ռմբակոծել Իրանի միջուկային օբյեկտները. Daily Mail

ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում են ռմբակոծել Իրանի միջուկային օբյեկտները: Այս մասին գրում է բրիտանական «Daily Mail»-ը։

Մասնավորապես՝ պարբերականի հոդվածագիր Դեն Հոդջիսը հաղորդում է, որ իրեն այդ մասին անանուն մնալու պայմանով հայտնել են Իսրայելի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ։

«Ես այժմ գտնվում եմ Թել Ավիվում, և քաղաքական, ռազմական ու դիվանագիտական մի շարք աղբյուրներ հայտնում են, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը պատրաստվում են հարված հասցնել Իրանին, որը մեկընդմիշտ վերջ կդնի միջուկային զենքի ստեղծման սպառնալիքին»,- նշում է հոդվածագիրը։

Նրա խոսքով՝ Իրանի միջուկային օբյեկտներին ռազմական հարված հասնելու սպառնալիքներ նախկինում էլ են հնչել, սակայն այժմ հստակ ապացույցներ կան, որ այս անգամ և՛ ԱՄՆ-ն, և՛ Իսրայելը մտադիր են անել ավելին, քան ընդամենը սուր ճոճելը։

Իսրայելցի բարձրաստիճան մեկ այլ դիվանագետ էլ ասել է բրիտանական պարբերականի թղթակցին, որ իրենց տեսանկյունից՝ այժմ լավագույն պահն է Իրանին հարված հասցնելու համար, քանի դեռ Թրամփն է Սպիտակ տան ղեկավարը։ «Ավելի լավ հնարավորություն այլևս չի լինի»,- պնդել է պաշտոնյան։

«Մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ը երեք B2 «Spirit» տիպի անտեսանելի ռմբակոծիչներ տեղակայեց Հնդկական օվկիանոսում՝ Դիեգո Գարսիա կղզում գտնվող ամերիկա-բրիտանական ռազմաբազայում՝ հասցնելով իր ռմբակոծիչների ընդհանուր հզորությունը 7-ի։ Դա կարևոր քայլ է, քանի որ հազվադեպ կարելի է տեսնել նման ռմբակոծիչների այդքան մեծ կուտաակում, որոնցով հնարավոր է հարվածել Իրանի ստորգետնյա միջուկային օբյեկտներին»,- հավելում է հոդվածագիրը։

Պարբերականը նաև նկատում է՝ նախորդ ամիսներին Իսրայելը քայլ առ քայլ «մաքրել է» ճանապարհին եղած պատնեշները՝ պատրաստվելով օդային լայնամասշտաբ հարձակման անցնել։

«Նախորդ տարի մենք 3-4 անգամ հարվածներ ենք հասցրել Եմենին, երեք անգամ օդային հարձակում ենք գործել Իրանի վրա՝ շարքից հանելով հակաօդային պաշտպանության համակարգերի զգալի մասը, որոնք տեղակայված էին Սիրիայում և Իրաքում։ Դրանք հիմնական խոչընդոտն էին Իրանին հարվածելու ճանապարհին»,- հոդվածագրի հետ զրույցում ասել է Իսրայելի ռազմական պաշտոնյաներից մեկը։

Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդր Թրամփը սպառնացել էր, որ կհրամայի ռմբակոծել Իրանի տարածքն ու երկրորդայի մաքսատուրքեր կսահմանի երկրի դեմ, եթե Թեհրանը միջուկային զենք ստեղծի։ Իրանի գերագույն առաջնորդ, Այաթոլլա Ալի Խամենեին պատասխան նամակով մերժել է միջուկային նոր գործարքի շուրջ ուղիղ բանակցություններ սկսելու՝ Թրամփի պահանջը՝ պնդելով՝ նրա վարչակազմի կողմից առավելագույն ճնշման և ռազմական սպառնալիքների տակ չեն բանակցի, իսկ իրենց դեմ ագրեսիվ գործողությունների դիմելու դեպքում վճռական ու կոշտ հակահարված կստանան։ Թեհրանը, միաժամանակ, պատրաստակամություն է հայտնում միջնորդական խողովակներով երկխոսել Վաշինգտոնի հետ։

  • Կիսվել: