ԱՄՆ-ը դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների դիմումների ընդունումը
Թրամփի վարչակազմը դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների դիմումների ընդունումը՝ որպես ներգաղթային քաղաքականության խստացման շարունակական արշավի մաս։ Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ գերատեսչությունը սկսել է անձնակազմի ուսուցումը աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանատներում և հյուպատոսություններում։ Նրա խոսքով՝ վիզաների դիմումների ընդունման ժամանակացույցը կվերանայվի՝ հաշվի առնելով այդ միջոցառումները, գրում է Reuters-ը։
Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր, որ ներգաղթի վիզաների դիմողները, որոնց հարցազրույցները նշանակված էին ԱՄՆ դեսպանատներում և հյուպատոսություններում, էլեկտրոնային նամակներ են ստացել՝ տեղեկանալով, որ հանդիպումները հետաձգվում են, իսկ նոր ամսաթվի մասին իրենք կծանուցվեն ավելի ուշ։
Reuters-ը նաև հայտնել է, որ վարչակազմը խստացրել է օրինական ներգաղթի գործընթացը՝ մասնավորապես որոշ աշխատանքային վիզաների դիմողների համար սահմանելով նոր և բարձր վճարներ։
Իրավապաշտպան կազմակերպությունները քննադատել են Թրամփի ներգաղթային քաղաքականությունը՝ այն համարելով խտրական և խոսքի ազատության ու պատշաճ իրավական ընթացակարգի խախտում։ Իրավապաշտպանների գնահատմամբ՝ այդ միջոցառումները հատկապես վտանգավոր իրավիճակ են ստեղծել ԱՄՆ-ում էթնիկ փոքրամասնությունների համար։
Ավելի վաղ՝ օգոստոսի 21-ին, Նյու Յորքի շրջանային դատարանը չեղյալ էր հայտարարել ԱՄՆ կառավարության որոշումը, որով անորոշ ժամկետով կասեցվում էր ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրի քաղաքացիներին, այդ թվում՝ Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին։ Որոշումն ուժի մեջ էր մտել հունվարի 21-ին։



