ԱՄՆ-ում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել նապաստակին հարվածելու պատճառով
Ամերիկյան United Airlines ավիաընկերության ինքնաթիռի շարժիչում թռիչքից անմիջապես հետո հրդեհ է բռնկվել, որն առաջացել է նապաստակին հարվածելու հետևանքով: Այս մասին հաղորդում է ABC News-ը։
Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ Դենվերի միջազգային օդանավակայանից դեպի կանադական Ալբերտա նահանգի Էդմոնտոն քաղաք թռիչքի իրականացման ժամանակ:
Boeing 737-800-ում եղել է 153 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Թռիչքից կարճ ժամանակ անց հրդեհ է բռնկվել օդանավի շարժիչներից մեկում։
Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Դենվերի միջազգային օդանավակայանում։ Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել, իսկ ուղևորներն այլ ինքնաթիռով մեկնել են Էդմոնտոն։
Ըստ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության՝ անձնակազմը հայտնել է, որ «կենդանուն հարվածել է մեկնելիս»։
«Ինքնաթիռում ուժեղ պայթյուն լսվեց և զգալի տատանում զգացվեց», - նշել է ուղևորներից մեկը՝ ավելացնելով, որ շարժիչի հետևի հատվածում հսկայական հրե գունդ է նկատել։
Դաշնային ավիացիոն վարչությունը հետաքննություն է սկսել։
Ինքնաթիռներին կենդանիների հարվածների դեպքեր բավական հաճախ են գրանցվում։ Ըստ Դաշնային ավիացիոն վարչության՝ 2024 թվականին ԱՄՆ-ում գրանցվել է ավելի քան 20 000 նման դեպք։ Սակայն նապաստակի հարվածների հետ կապված միջադեպերի թիվն ընդամենը չորսն է, ներառյալ նաև Դենվերի միջադեպը. ինքնաթիռները հիմնականում բախվում են թռչունների հետ։