հինգշաբթի, օգոստոս 6
6 / 8 / 2026
ԱՄՆ փոխնախագահը խոստովանել է՝ իրանցիների հետ գործ ունենալը դժվար է

ԱՄՆ փոխնախագահը խոստովանել է՝ իրանցիների հետ գործ ունենալը դժվար է

Իրանցիների հետ գործ ունենալը դժվար է: Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

Նա իրանցի պաշտոնյաների «ծայրահեղ դժվար մարդիկ» լինելու հանգամանքով է բացատրել Թեհրանի հետ բանակցությունների ձգձգումը։

Վենսը, մասնավորապես, ասել է. «Իրանը շատ մասնատված կառավարման համակարգ ունի։ Այնտեղ կան մարդիկ, որոնք ցանկանում են ավարտել պատերազմը։ Նույն համակարգի ներսում, սակայն, կան մարդիկ, որոնց կարելի է խելահեղ արմատականներ անվանել։ Պատերազմի շարունակությունը հենց նրանց ցանկությունն է»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին պնդել էր, թե երեքշաբթի «ողջ օրվա ընթացքում» Իրանի հետ «շատ լավ քննարկումներ» են անցկացվել, միաժամանակ սպառնալով Իրանին «շատ կոշտ» հարված հասցնել, եթե համաձայնության չհասնեն։ Նա վստահեցրել էր, որ Հորմուզի նեղուցը շուտով բաց է լինելու նավարկության համար։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն էլ երեկ հայտարարեց, որ Հորմուզի նեղուցում նավագնացության վերսկսման շուրջ բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ն և Իրանը մոտ են համաձայնագրի կնքմանը։

Այդուհանդերձ, օգոստոսի 3-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել էր՝ Իրանը ներկայումս բանակցություններ չի վարում Միացյալ Նահանգների հետ։

  • Կիսվել: