հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
ԱՄՆ պետքարտուղարը եւ Իլոն Մասկը վիճել են. լրատվամիջոց

ԱՄՆ պետքարտուղարը եւ Իլոն Մասկը վիճել են. լրատվամիջոց

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ միլիարդատեր Իլոն Մասկը վիճաբանության մեջ են մտել Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել է պաշտոնյաների կրճատման հարցը, հայտնել է BBC-ն։

Ինչպես տեղեկացվել է, Թրամփը նախարարներին ասել է, որ ոչ թե իրենց, այլ Մասկին է պատկանում վերջին խոսքն իրենց գերատեսչությունների անձնակազմի եւ քաղաքականության հարցերի վերաբերյալ:

The New York Times-ի զրուցակիցները նշել են, որ Մասկը, որին Թրամփը հանձնարարել է վերացնել դաշնային բյուրոկրատիայի մեծ մասը, Ռուբիոյին մեղադրել է «ոչ մեկին աշխատանքից չազատելու» եւ անձնակազմի մեծ կրճատումներին դիմադրելու մեջ:

Պետքարտուղարը հակադարձել է նրան՝ ասելով, որ վարչության մեկուկես հազար աշխատակիցներ ստացել են վաղաժամկետ թոշակային վճարումներ։ Ռուբիոն սարկազմով հարցրել է, թե արդյոք Մասկը ցանկանում է, որ ինքը նորից աշխատանքի ընդունի այս բոլոր մարդկանց, միայն թե նա կարողանա շոու կազմակերպել՝ նորից աշխատանքից հեռացնելով նրանց, վերապատմել է Reuters-ի հոդվածը։

Հանդիպումը կազմակերպվել էր Մասկի կոպիտ մոտեցման դեմ բողոքներից հետո, որոնք ստացվել էին նախարարությունների ղեկավարներից Սպիտակ տան բարձրագույն պաշտոնյաների հասցեին, ներառյալ աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսը։

Թրամփն ինքը իրականությանը չհամապատասխանող է անվանել New York Times-ի տեղեկությունը։ «Ոչ մի բախում [չի եղել]։ Ես այնտեղ էի, դուք պարզապես խառնակիչ եք»,- ասել է նա թղթակցին, որը հարցրել է այդ հրապարակման մասին։ «Իլոնը հիանալի հարաբերություն ունի Մարկոյի հետ, եւ նրանք երկուսն էլ հիանալի են կատարում իրենց գործը»,- ավելացրել է ԱՄՆ նախագահը։

  • Կիսվել: