ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է 139 օտարերկրյա ծրագիր, այդ թվում՝ Հայաստանում
ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է օտարերկրյա օգնության ծրագրերի ֆինանսավորումը տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Բելառուսում, Մոլդովայում և Ղրղզստանում: Այս մասին հաղորդում է ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE):
«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն շարունակում է ուշադրությամբ վերանայել Պետքարտուղարության կողմից տրամադրվող օտարերկրյա օգնությունը: Այսօր չեղարկվել է 215 միլիոն դոլարի 139 աննպատակ դրամաշնորհ», - նշված է X սոցիալական հարթակում վարչության տարածած հաղորդագրության մեջ։
Այնուհետև Կառավարության արդյունավետության վարչությունը ևս մեկ գրառում է կատարել՝ նշելով լրացուցիչ դրամաշնորհների չեղարկման մասին, որոնցից մեկը վերաբերում է Հայաստանին։ Խոսքը Հայաստանին տրամադրվող 2 միլիոն դոլար արժողությամբ «Ժողովրդավարական մշակույթի տարածումը» ծրագրի մասին է։
Նաև կրճատման տակ են հայտնվել Մեծ Բրիտանիայում 5,2 միլիոն դոլարի, Ուզբեկստանում 2,5 միլիոն դոլարի, Բելառուսում 2,4 միլիոն դոլարի, Մոլդովայում 2 միլիոն դոլարի, Ղրղզստանում 750 հազար դոլարի և մի շարք այլ ծրագրերի դրամաշնորհները։