ԱՄՆ պետդեպարտամենտը իր ներկայացուցչություններին արգելել է ցուցադրել ԼԳԲՏ դրոշները
Պետդեպարտամենտն արգելել է երկրի ներսում եւ արտասահմանում իր ներկայացուցչություններում ցուցադրել ԱՄՆ ազգային դրոշից բացի որեւէ այլ դրոշ: Այս մասին հայտնել է Washington Free Beacon պահպանողական պորտալը, որի տրամադրության տակ է հայտնվել համապատասխան հուշագրի պատճենը։
«Այսօրվանից միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշը կարող է ծածանվել կամ ցուցադրվել ամերիկյան հաստատություններում ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում եւ օգտագործվել ԱՄՆ կառավարության նյութերում»,- մեջբերել է պորտալը մի հատված փաստաթղթից:
Նշվել է, որ Պետդեպարտամենտի ցանկացած աշխատակից, որը կխախտի այս կարգադրությունը, կենթարկվի «կարգապահական տույժերի՝ ընդհուպ մինչեւ աշխատանքային հարաբերությունների դադարեցում եւ պայմանագրի խզում»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր երդմնակալությունից հետո մի շարք հրամանագրեր է ստորագրել, այդ թվում՝ դաշնային գերատեսչություններում ներառական եւ բազմազանության բոլոր ծրագրերի փակումը, ինչպես նաեւ ԱՄՆ-ում միայն երկու սեռերի ճանաչումը՝ արական եւ իգական: