հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ դարձյալ Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Հայոց ցեղասպանության կրթական ակտը

ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ դարձյալ Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Հայոց ցեղասպանության կրթական ակտը

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի մի խումբ  կոնգրեսականներ ևս մեկ անգամ Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Հայոց ցեղասպանության կրթական ակտը՝ հիմնվելով այն բանի վրա, որ ԱՄՆ Կոնգրեսը և նախագահը պաշտոնապես ճանաչել են այս հանցագործությունը: Այս մասին  տեղեկանում ենք Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից:

Ակտը նորից ներկայացնելու նախաձեռնությամբ հանդես են եկել կոնգրեսականներ Աննա Էշուն, Դեյվիդ Վալադաոն, Թեդ Լյուն և Գաս Բիլիրակիսը: Միջոցը նախատեսում է ֆինանսավորել Կոնգրեսի գրադարանի կրթական ծրագրերը Հայոց ցեղասպանության պատմության, դրանից քաղած դասերի, հետևանքների և դրա համար ներկայում վճարվող գնի վերաբերյալ:

Այս օրինագծով նախատեսվում է 5 տարվա ընթացքում 10 միլիոն դոլարի ֆինանսավորում տրամադրել Կոնգրեսի գրադարանին՝ ամերիկացիներին կրթելու 1915-1923 թթ.-ին միլիոնավոր հայերի, հույների, ասորիների, քաղդեացիների, սիրիացիների, արամեացիների, մարոնիների և այլ քրիստոնյաների՝ Օսմանյան Թուրքիայի կողմից համակարգված և կանխամտածված, պետականորեն հովանավորվող զանգվածային սպանությունների, ազգային մշակույթի յուրացման կամ ոչնչացման և աքսորի մասին:

Հայոց ցեղասպանության կրթական ակտը փորձում է հակազդել այն քարոզչությանը, որը պնդում է, թե, իբր, «1915-1923 թթ.-ին Օսմանյան Թուրքիայի կողմից միլիոնավոր քրիստոնյաների համակարգված զանգվածային սպանությունները տեղի չեն ունեցել»։

«Քանի որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ բացահայտորեն ձգտում է ավարտին հասցնել Հայոց ցեղասպանությունը, ամերիկյան դպրոցականներին ավելի քան երբևէ անհրաժեշտ է դասեր քաղել ողջ մարդկության դեմ դեռևս անպատիժ, դեռ շարունակվող հանցագործությունից», - հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: