ԱՄՆ օդուժի հարվածի հետևանքով սպանվել է Սիրիայում «Ալ-Քաիդա»-ի հետ կապված բարձրաստիճան անդամ
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Սիրիայում իրականացված ավիահարվածի մասին, որի հետևանքով ոչնչացվել է «Հուրաս ադ-Դին» իսլամիստական խմբավորման ղեկավարության բարձրաստիճան համակարգողը, որը կապեր է ունեցել նաև «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ։ Այս մասին ասված է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության թվիթերյան էջում:
Գրառման մեջ, մասնավորապես, նշված է. «Փետրվարի 21-ին ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ուժերը ճշգրիտ ավիահարված են հասցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում, որի հետևանքով սպանվել է «Ալ-Քաիդայի» հետ կապված «Հուրաս ալ-Դին» ահաբեկչական կազմակերպության բարձրաստիճան ղեկավար Վասիմ Թահսին Բայրաքդարը»:
Իր հերթին ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար, գեներալ Մայքլ Էրիկ Կուրիլյան հայտարարել է. «Մենք անխնա հետապնդելու և ոչնչացնելու ենք ահաբեկչական սպառնալիքները՝ անկախ դրանց գտնվելու վայրից, որպեսզի պաշտպանենք մեր հայրենիքը և մեր դաշնակիցներին ու գործընկերներին»: