ԱՄՆ-ն ու ՌԴ-ն տարածքների հարց են քննարկում, սակայն Կիևի հետ պայմանավորվածություն չկա. Զելենսկի
ԱՄՆ-ն ուկրաինական պատերազմի կարգավորման բանակցությունների ժամանակ Ռուսաստանի հետ քննարկում է տարածքների հարցը, սակայն Կիևի հետ տարածքների վերաբերյալ պայմանավորվածություններ չկան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է РБК-Украина-ն:
Նա, մասնավորապես, նշել է «Կարծում եմ՝ ամերիկյան կողմը ռուսների հետ խոսում է տարածքների մասին։ Մեզ անհանգստացնում է Ռուսաստանի վրա ԱՄՆ-ի ազդեցությունը, այլ ոչ թե հակառակը»:
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն բավականաչափ ուժ, գործիքներ և պատժամիջոցներ ունի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա ազդելու և այս պատերազմը դադարեցնելու համար։ Սակայն Կիևը մտահոգված է այն հարցով, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են Ուկրաինայի մասին որևէ բան առանց Ուկրաինայի:
«Հասկանալի է, որ տարածքների հարց են բարձրացնում։ Իսկ մեզ հետ տարածքներին առնչվող պայմանավորվածություններ չեն եղել։ Նրանք գիտեն, որ դա ցավոտ հարց է»,-ասել է Զելենսկին և ընդգծել, որ ուկրաինական տարածքների հարցը եղել և մնում է ամենաբարդ հարցերից մեկը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի գործընթացում։
«Ես հենց սկզբից խոսել եմ դրա մասին։ Ես հավատում եմ, որ ռուսների հետ կլինի երկու ամենաբարդ հարց՝ ամբողջական զինադադար և տարածքների հարց։ Հետևաբար, սա դժվար երկխոսություն է լինելու, բայց դա տեղի կունենա»,-ասել է նա: