երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի իրանական ավիաընկերություններին օժանդակող օտարերկրյա կազմակերպությունների նկատմամբ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի իրանական ավիաընկերություններին օժանդակող օտարերկրյա կազմակերպությունների նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ իրանական ավիաընկերություններին ծառայություններ մատուցող օտարերկրյա կազմակերպությունները կարող են ենթարկվել ամերիկյան պատժամիջոցների։ Այս մասին Բեսենթը հայտնել է X միկրոբլոգում գրառման մեջ։

«Պատժամիջոցների տակ գտնվող իրանական ավիաընկերությունների հետ գործարքներ կնքելը ԱՄՆ պատժամիջոցներին ենթարկվելու ռիսկ է պարունակում: Օտարերկրյա կառավարությունները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցներն՝ ապահովելու, որ իրենց իրավասության տակ գտնվող ընկերությունները չմատուցեն ծառայություններ այդ ինքնաթիռներին, այդ թվում՝ ավիացիոն վառելիքի, սննդի, վայրէջքի վճարների կամ սպասարկման ապահովման մասով», - նշված է գրառման մեջ։

Բեսենթը նաև նշել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն առավելագույն ճնշում կգործադրի Իրանի վրա և «չի տատանվի գործել ցանկացած երրորդ կողմի դեմ, որը բիզնես կվարի իրանական կազմակերպությունների հետ կամ կնպաստի դրան»։

Նախորդ շաբաթ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է պատժամիջոցները Չինաստանի, ԱՄԷ-ի, Լիբերիայի, Պանամայի, Վիետնամի, Վիրջինյան կղզիների, Կայմանյան կղզիների և Մարշալյան կղզիների իրավասության տակ գտնվող 20 ընկերությունների, ինչպես նաև Իրանի հետ կապված 19 նավթատար նավերի նկատմամբ։ Ցանկում ներառված է նաև Չինաստանի ամենամեծ նավթաքիմիական համալիրը՝ Hengli Petrochemical-ը։

 

  • Կիսվել: