ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրաքի նավթի փոխնախարարի դեմ
ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը պատժամիջոցների ենթարկված անձանց անվանացանկում ներառել է Իրաքի նավթի փոխնախարար Ալի Մաարիջ ալ-Բահադլիի անունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը՝ նշելով, որ սա արվել է Իրանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու նպատակով։
Նախարարության հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Պատժամիջոցներն առնչվում են այդ թվում ալ-Բահադլիին, որը չարաշահում է իր պաշտոնական դիրքը՝ նպաստելու նավթի զարտուղի վաճառքին, որպեսզի եկամուտ ապահովի իրանական ռեժիմի և Իրաքում նրա դաշնակից խմբավորումների համար»։
Ըստ ամերիկյան կողմի տեղեկությունների՝ ալ-Բահադլին տարիներ շարունակ նպաստել է իրանական նավթի անօրինական փոխադրող Սալիմ Ահմեդ Սաիդին, «Ասաիբ Ահլ ալ-Հաք» խմբավորման և Իրանի հարստացմանը։
Նշվում է, որ պատժամիջոցներն առնչվում են նաև երկու զինյալ խմբավորումների երեք բարձրաստիճան անդամների, ինչպես նաև իրաքյան չորս նավթային ընկերությունների։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը վերահաստատել է Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու իր մտադրությունը, այդ թվում՝ նավթի առևտրում Իրանին աջակցող արտասահմանյան ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու միջոցով:


