ԱՄՆ-ն նախատեսում է առաջիկա 100 օրվա ընթացքում ուղիղ բանակցություններ կազմակերպել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև. Վենս
ԱՄՆ-ն նախատեսում է առաջիկա 100 օրվա ընթացքում ուղիղ բանակցություններ կազմակերպել Ուկրաինայում հակամարտող կողմերի միջև: Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք խաղաղության առաջարկ ունենք, և առաջիկա 100 օրվա ընթացքում ծանր աշխատանք ենք տանելու, որ կողմերին բանակցությունների սեղանի շուրջ բերենք»:
Վենսն ընդգծել է, որ մեծ ջանքեր են պահանջվելու Ռուսաստանի և Ուկրաինայի դիրքորոշումները մոտեցնելու ուղղությամբ։
«Շատ մեծ անջրպետ կա ռուսների և ուկրաինացիների ուզածի միջև»,-նշել է նա:
Ավելի վաղ էլ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը կողմ է Ուկրաինայի հետ բանակցություններին, սակայն՝ առանց նախապայմանների։