ԱՄՆ-ն մերժել է Իրանի առաջարկած հակամարտության կարգավորման ծրագիրը. աղբյուր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Իրանի առաջարկած հակամարտության կարգավորման ծրագիրը: Այս մասին Reuters-ին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով։
Աղբյուրը հայտնել է, որ Թեհրանի առաջարկի համաձայն՝ կողմերը նախ պետք է ավարտեին պատերազմը և վերականգնեին նավագնացությունը Հորմուզի նեղուցում՝ հետաձգելով Իրանի միջուկային ծրագրի քննարկումը մինչև ավելի ուշ փուլ: Այդ սխեմայի շրջանակներում Իրանը պարտավորվում էր բացել նեղուցը, իսկ ԱՄՆ-ը՝ վերացնել իրանական նավահանգիստների շրջափակումը։ Փոխարենը Վաշինգտոնն ու Իսրայելը պետք է երաշխավորեին հետագա հարձակումներից հրաժարվելը։
«Իրանը ցանկանում է գործարք կնքել, բայց նրանց առաջարկն ինձ չի գոհացնում»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը: ԱՄՆ նախագահը նշել է, որ կցանկանար չվերսկսել Իսլամական Հանրապետության դեմ գործողությունները, սակայն այդ տարբերակը դեռ օրակարգում է:
Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ հաղթանակի ճանապարհի կեսին են, բայց շուտ չեն հեռանա Իրանից, քանի որ չեն ցանկանում, որ ամեն ինչ կրկնվի: Նա կրկին պնդել է, որ Թեհրանը չի կարող միջուկային զենք ունենալ:
Իր հերթին Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի խոսնակ, բրիգադի գեներալ Մոհամմադ Ջաֆար Ասադին էլ հավանական է համարել Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների վերսկսումը:


