ԱՄՆ-ն հրապարակել է Իրանի հետ բանակցություններում իր պատվիրակության կազմը․ Իրանը դեռևս պատվիրակության ղեկավար չի նշանակել
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը նշել է Միացյալ Նահանգների և Իրանի միջև հրադադարի համաձայնագրի առաջընթացը՝ չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցային խումբ է ուղարկում Պակիստան՝ համաձայնագրի շուրջ բանակցելու համար, հաղորդում է Reuters-ը։
Լևիթը հայտարարել է, որ խումբը կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը, կազմում կլինեն նաև ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։
Բանակցությունների առաջին փուլը նախատեսված է շաբաթ օրը։
Լևիթը նաև նշել է, թե Իրանը ԱՄՆ-ին հայտնել է, որ պատրաստ է հանձնել իր հարստացված ուրանի պաշարները։
«Սա կարմիր գիծ է, որից նախագահը մտադիր չէ նահանջել, և նա հանձնառու է դա իրականացնելու համար»,- ասել է Լևիթը ճեպազրույցի ժամանակ։ Հարցին, թե արդյոք իրանցիներն ակնարկե՞լ են, որ կհանձնեն ուրանը, Լևիթը պատասխանել է. «Այո, նրանք դա արել են»։
Նա այլ մանրամասներ չի հաղորդել։
Չնայած մի քանի լրատվամիջոցների հաղորդագրությունների, որոնք պնդում են, թե իրանական բանակցային թիմի ղեկավարը վերջնականապես որոշվել է, այս հարցը դեռևս որոշված չէ;
Tasnim-ը նշել է, որ Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղարությունը, կառավարության երեք ճյուղի ներկայացուցիչների և այլ համապատասխան պաշտոնյաների հետ միասին, ուշադիր ուսումնասիրում է բանակցությունների համար անհրաժեշտ բոլոր ասպեկտներն ու պայմանները, և շուտով պաշտոնական հայտարարություններ կարվեն։
Գործակալության աղբյուրը նաև լրատվամիջոցներին խորհուրդ է տվել զերծ մնալ ավելորդ ենթադրություններից և այնպիսի լուրերի տարածումից, որոնք չունեն փաստացի ճշգրտություն կամ որոշակիություն՝ հաշվի առնելով իրավիճակի զգայունությունը։
Այս արձագանքը հնչել է այն բանից հետո, երբ իրանական լրատվական գործակալությունը հայտարարել է, որ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կգլխավորի իրանական պատվիրակությունը Թեհրանի և Վաշինգտոնի միջև ապրիլի 10-ին Իսլամաբադում նախատեսված բանակցություններում։


