ԱՄՆ-ն հաստատել է Սաուդյան Արաբիային գրեթե 5,8 մլրդ դոլարի ավիառումբերի և շարժիչների մատակարարումը
ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Սաուդյան Արաբիային Joint Direct Attack Munition-Extended Range (JDAM-ER) համալիրների հնարավոր վաճառքը՝ ավելի քան 5 մլրդ դոլարի չափով, հաղորդում է Al Arabiya-ն։
Ինչպես հայտարարել են ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունից, մատակարարումը պետք է ամրապնդի Սաուդյան Արաբիայի կարողությունը՝ դիմակայելու ընթացիկ և ապագա սպառնալիքներին, բարձրացնի զինված ուժերի մարտական պատրաստականությունը և ապահովի դրանց ավելի արդյունավետ փոխգործակցությունը ամերիկյան ստորաբաժանումների հետ համատեղ գործողություններ իրականացնելիս։
JDAM-ER-ի արտադրության գլխավոր կապալառուն կլինի ամերիկյան Boeing ընկերությունը։ Բացի այդ, Պետդեպարտամենտը հաստատել է նաև Սաուդյան Արաբիային AGT-150 շարժիչների հնարավոր վաճառքը՝ 750 մլն դոլարի չափով։ Դրանց մատակարարը կլինի Honeywell-ը։
Սաուդյան գործարքից բացի, Վաշինգտոնը հաստատել է նաև տարածաշրջանի պետությունների հետ ևս երկու պոտենցիալ պայմանագիր։
Օմանը կարող է ձեռք բերել F-16 կործանիչների տեխնիկական սպասարկման և մարտական պատրաստականության պահպանման ծառայություններ՝ մոտ 188 մլն դոլարի չափով։
Իրաքին թույլատրվել է Bell 412EPX ուղղաթիռների հնարավոր վաճառքը՝ 150 մլն դոլարի չափով։
Այսպիսով, ԱՄՆ-ն հերթական անգամ ընդլայնել է ռազմական համագործակցությունը Մերձավոր Արևելքի միանգամից մի քանի երկրների հետ՝ հաստատելով մոտ 6,1 մլրդ դոլար ընդհանուր արժեքով պոտենցիալ գործարքներ։



