շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենի տարբեր շրջաններում հութիների ենթակառուցվածքներին

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենի տարբեր շրջաններում հութիների ենթակառուցվածքներին

ԱՄՆ-ն մի շարք հարվածներ է հասցրել Եմենում հութիների «Անսար Ալլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ Եմենի Մարիբի նահանգի Ռաղուան և Մադղալ շրջաններում առնվազն 15 ավիահարված է գրանցվել:

Նավթով հարուստ Մարիբի նահանգը բաժանված է հութիների և Եմենի կառավարության միջև:

Հարձակման թիրախում են հայտնվել նաև ալ-Ջաուֆի և ալ-Հոդեյդայի նահանգներում հրամանատարական կենտրոնները, զենքի պահեստները, հրթիռային կայանները և հութիների տեղակայման վայրերը:

Al Hadath հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Եմենի հյուսիսում գտնվող ալ-Ջաուֆի նահանգում ամերիկյան հարվածների արդյունքում սպանվել են հութիների շարժման տասնյակ կողմնակիցներ։ Բացի այդ, ԱՄՆ-ն թիրախավորել է Քամարա շրջանը։

ԱՄՆ-ն մարտի 15-ից ի վեր ամենօրյա հարձակումներ է իրականացնում Եմենի վրա այն բանից հետո, երբ հութիները մարտի 12-ին սպառնացել էին վերսկսել հարձակումները Կարմիր ծովում Իսրայելի հետ առնչվող նավերի վրա: Հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բռնկված ռազմական գործողություններից հետո հութիները սկսել են տասնյակ հարձակումներ իրականացնել Կարմիր և Արաբական ծովերում, ինչպես նաև Ադենի ծոցում իսրայելական կամ Իսրայելի հետ առնչվող նավերի վրա՝ Եմենում իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներից կիրառելով հրթիռներ և անօդաչու սարքեր՝ հայտարարելով, որ այդ կերպ իրենց աջակցությունն են հայտնում Պաղեստինին:

 

  • Կիսվել: