ԱՄՆ-ն անակնկալի է բերել Իսրայելին՝ հայտարարելով Իրանի հետ համաձայնագրի նախապատրաստման մասին․ Axios
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցում հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագրի ստորագրումն սպասվում է առաջիկա օրերին։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային։
«Սա գործարք է։ Սա հիանալի գործարք է, և այս պատերազմին վերջ տալու ժամանակն է»,- աղբյուրի փոխանցմամբ՝ հայտարարել է Թրամփը։
Ամերիկյան պաշտոնական աղբյուրների համաձայն՝ այս զրույցն անակնկալ է եղել Իսրայելի ղեկավարության համար, որն Իրանի դեմ ընթացող ռազմական արշավից բոլորովին այլ արդյունք էր ակնկալում։ Ըստ լրատվամիջոցի՝ Իսրայելի վարչապետը զրույցի ընթացքում կտրուկ չի առարկել և ընդունել է, որ չի կարող կանգնեցնել բանակցային գործընթացը։
Աղբյուրները նաև հայտնում են, որ ավելի վաղ Իսրայելը ծրագրել էր մասշտաբային հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ և ենթակառուցվածքային սեկտորին, սակայն այդ ծրագրերը կասեցվել են Թրամփի վարչակազմի կողմից։
Axios-ի փոխանցմամբ՝ Իսրայելի իշխանությունները մտավախություն ունեն, որ հնարավոր համաձայնագիրը կարող է սահմանափակել Իրանի և տարածաշրջանում նրա դաշնակիցների, այդ թվում՝ Լիբանանի «Հեզբոլլահի» դեմ գործելու իրենց ազատությունը։ Վաշինգտոնն իր հերթին հայտարարում է, որ ակնկալում է կողմերի միջև փոխհամաձայնեցված գործողություններ և բոլոր մասնակիցների կողմից պայմանավորվածությունների պահպանում։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը նշել է, որ ԱՄՆ-ն գործում է՝ ելնելով սեփական շահերից, սակայն Իսրայելն ակնկալում է, որ Իրանի միջուկային ծրագրին և հրթիռային ներուժին վերաբերող առանցքային սկզբունքները կպահպանվեն։
«Մենք վստահ ենք, որ ի վերջո Իսրայելը կաջակցի այս գործընթացին»,- հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։
Չնայած բանակցությունները դեռ չեն ավարտվել, կողմերը խոսում են գործարքի մեծ հավանականության մասին։ Եթե պատերազմն ավարտվի առանց դրված խնդիրների լուծման, դա Իսրայելի համար կլինի լուրջ քաղաքական և ռազմավարական ձախողում։


