երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
ԱՄՆ ՄԶԳ-ն Ուկրաինայում նախագծերը դադարեցնելու հրաման է ստացել

ԱՄՆ ՄԶԳ-ն Ուկրաինայում նախագծերը դադարեցնելու հրաման է ստացել

Ուկրաինայում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID) հանձնարարվել է կասեցնել բոլոր նախագծերը և դրանց համար արվող ծախսերը՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հրամանից հետո: Ըստ փաստաթղթի՝ 90 օրով սառեցվում են արտասահմանյան օգնության ծրագրերի մեծ մասի վճարումները, և կասեցվում նոր դրամաշնորհների հատկացումները։ Այդ մասին հայտնել է Կիևում ԱՄՆ ՄԶԳ գրասենյակի աշխատակիցը։

USAID-ն Ուկրաինայում աջակցում է դպրոցների վերականգնմանը, բուժծառայությունների մատուցմանը և կրիտիկական էներգետիկ կառույցների վերանորոգմանը:

Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հունվարի 25-ին նշել է, որ Ռուբիոյի հրամանը չի վերաբերում Ուկրաինային ռազմական օգնությանը։

Ըստ Financial Times-ի՝ ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի դիվանագետները պետքարտուղարին խնդրել են ամբողջությամբ բացառել Ուկրաինան հունվարի 25-ի հրամանագրից։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել էր դադարեցնել վճարումները՝ ստուգելու, թե արդյոք միջոցների բաշխումը համապատասխանում է իր արտաքին քաղաքականությանը։

Միաժամանակ, ռազմական ֆինանսավորման թույլտվություն է տրվել Իսրայելի և Եգիպտոսի համար։ Իսրայելը տարեկան ստանում է մոտ 3,3 մլրդ դոլար, Եգիպտոսը՝ մոտ 1,3 մլրդ, նշել է Reuters-ը։

ԱՄՆ-ն օգնության ամենամեծ դոնորն է աշխարհում: 2023 ֆինանսական տարում Վաշինգտոնն այդ նպատակների համար հատկացրել է 72 մլրդ դոլար։

  • Կիսվել: