չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
ԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել ՄԱԿ-ից Միացյալ Նահանգների դուրս գալու վերաբերյալ

ԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել ՄԱԿ-ից Միացյալ Նահանգների դուրս գալու վերաբերյալ

ԱՄՆ մի խումբ հանրապետական սենատորներ օրինագիծ են ներկայացրել Կոնգրես՝ ՄԱԿ-ից Միացյալ Նահանգների դուրս գալու վերաբերյալ: Նախագիծը հրապարակվել է նախաձեռնության հեղինակներից մեկի՝ էներգետիկայի հարցերով հանձնաժողովի ղեկավար Մայք Լիի կայքում:

Փաստաթղթի համաձայն՝ խոսքը ՄԱԿ-ի և նրա գործակալությունների ֆինանսավորումը դադարեցնելու, առանց Սենատի հավանության կրկին անդամագրվելու և կազմակերպության խաղաղապահ առաքելություններին մասնակցելու արգելքի մասին է:

Լին օրինագծի նախապատրաստումն անվանել է «ՄԱԿ-ի կողմից ամերիկացի հարկատուների հաշվին տարիներ շարունակ անվերահսկելի բյուրոկրատական էքսպանսիայի և ֆինանսական չարաշահումների պատասխան»:

«Քանի որ նախագահ Դոնալդ Թրամփը հիմնովին փոխում է մեր արտաքին քաղաքականությունը՝ Ամերիկան առաջին տեղում դնելով, մենք պետք է դուրս գանք այս կեղծ կազմակերպությունից և առաջնահերթություն տանք իրական դաշինքներին, որոնք ապահովում են մեր երկրի անվտանգությունն ու բարգավաճումը»,- նշել է սենատորը:

Օրինագծի համահեղինակ Չիփ Ռոյն էլ ընդգծել է, որ ՄԱԿ-ը տասնամյակներ շարունակ չի կարողացել կանխել պատերազմները, ցեղասպանությունները, մարդու իրավունքների խախտումները և նույնիսկ համավարակները՝ չնայած ստացած գումարներին:

  • Կիսվել: