հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
ԱՄՆ-Իրան հակամարտությունը կթուլանա 2027 թվականի սկզբին․ ԱՄՀ-ի կանխատեսում

ԱՄՆ-Իրան հակամարտությունը կթուլանա 2027 թվականի սկզբին․ ԱՄՀ-ի կանխատեսում

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գնահատմամբ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը կթուլանա 2027 թվականի սկզբին, իսկ էներգակիրների առևտուրը կկարգավորվի տարվա ընթացքում։ Այս մասին ասվում է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տնտեսական զարգացման հեռանկարներին նվիրված ԱՄՀ-ի հերթական զեկույցում։

«Հիմնական սցենարով ենթադրվում է, որ 2027 թվականի սկզբին [ԱՄՆ-ի և Իրանի միջև] հակամարտությունը կմարի, իսկ տարվա ընթացքում [էներգակիրների] առևտուրն աստիճանաբար կվերադառնա բնականոն հուն։ Ելնելով դրանից՝ կանխատեսվում է, որ 2026 թվականի շուրջ 1,3% անկումից հետո տարածաշրջանի աճի տեմպերը 2027 թվականին կհասնեն 6,6%-ի, ինչը գրեթե 3 տոկոսային կետով ցածր է ապրիլյան կանխատեսումից», — նշում են զեկույցի հեղինակները։

Նրանց գնահատմամբ՝ «նույնիսկ ակնկալվող աշխուժացման պարագայում [Պարսից ծոցի] երկրների արտադրության ծավալները միջնաժամկետ հեռանկարում ընդհանուր առմամբ կմնան մինչև հակամարտությունը եղած կանխատեսումներից ցածր»։ Ինչպես ընդգծում է հիմնադրամը, «Մերձավոր Արևելքում պատերազմի էսկալացիան լուրջ հարված հասցրեց տարածաշրջանին՝ հանգեցնելով էներգառեսուրսների արդյունահանման, ծովային փոխադրումների, զբոսաշրջության և առևտրի խաթարմանը»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարող էին անմիջապես դադարեցնել Իրանի հետ առճակատումը, սակայն չեն անի դա, հավելելով, որ պատերազմը շատ շուտով կավարտվի։

  • Կիսվել: