ԱՄՆ-ի հետ կնքված ամբողջ հուշագիրը վտանգի տակ կլինի, եթե նրանք չկարողանան զսպել Իսրայելին․ Իրանի ԱԳՆ
Իրանական պատվիրակությունը ևս կմեկնի Շվեյցարիա՝ բանակցություններ վարելու և պահանջելու Միացյալ Նահանգների հետ ստորագրված հուշագրի դրույթների կատարումը։ Այս մասին հայտարարել է Իրանի Արտաքին գործերի նախարարությունը:
«Միացյալ Նահանգների հետ կնքված ամբողջ հուշագիրը վտանգի տակ կլինի, եթե նրանք չկարողանան ստիպել Իսրայելին դադարեցնել Լիբանանի վրա հարձակումները»,-ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ ԱՄՆ բանագնաց Սթիֆ Ուիթքոֆն ու Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին մեկնում են Շվեյցարիա՝ բանակցությունների:
Axios-ի տեղեկություններով՝ Կատարի ներկայացուցիչն արդեն գտնվում է Շվեյցարիայում, իսկ այսօր նրան կմիանա ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։
Միաժամանակ շաբաթ օրը՝ այսօր, Ժնև պետք է մեկնի նաև Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային այս առնչությամբ, մասնավորապես, ասել է. «Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա՝ վերահսկելու և պահանջելու մյուս կողմի պարտավորությունների կատարումը։ Չենք ստորագրել համաձայնագիր, որը չի կատարվելու։ Մեր սկզբունքն է պարտավորություն՝ պարտավորության դիմաց»։
Ըստ Axios-ի՝ կողմերը պատրաստվում են շարունակել բանակցությունները Շվեյցարիայում։ Իր հերթին Շվեյցարիան հաստատել է, որ շարունակում է Բյուրգենշտոկում հարթակ տրամադրել ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող գաղտնի բանակցությունների համար՝ նշելով, որ կողմերի միջև փոխըմբռնման հուշագրի իրագործման համար ապահովում է «զուսպ և հուսալի միջավայր»։
Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի հայտարարության մեջ նշվում է, որ երկիրը հանդես է գալիս որպես չեզոք միջնորդ՝ ապահովելով գործընթացի կազմակերպչական և դիվանագիտական պայմանները, սակայն, հավատարիմ մնալով գաղտնիության ռեժիմին, որևէ մանրամասն չի հայտնում մասնակիցների կազմի կամ քննարկումների բովանդակության մասին։



