երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն ընթանում. Իրանի ԱԳՆ խոսնակ

ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն ընթանում. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի Իսլամական Հանրապետության Արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարեց, որ ներկայումս Թեհրանի և Վաշինգտոնի միջև որևէ բանակցություն չի ընթանում։ Նա նաև նշեց, որ Իրանի և Օմանի միջև խորհրդակցությունները կենտրոնացած են Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ երթևեկության հարցի վրա, և քանի դեռ ներկայիս իրավիճակը պահպանվում է, այդ ջրային ուղու կարգավիճակում փոփոխություն չի լինի։

Pars Today-ը, հղում անելով «Թասնիմ» լրատվական գործակալությանը, գրում է, որ Էսմայիլ Բաղային երկուշաբթի օրը իր շաբաթական մամուլի ասուլիսում ասաց, որ Իրանի և Օմանի բանակցությունները կատարվում են Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ երթևեկության շուրջ փոխըմբռնման հասնելու նպատակով, իսկ ներկայում ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի ընթանում։

Անդրադառնալով Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակին՝ նա հավելեց, որ այս ջրային ուղին խնդիրների առաջ չի կանգնել Իրանի և Օմանի միջև տարաձայնությունների պատճառով, այլ, նրա խոսքով, ներկայիս իրավիճակը ձևավորվել է ԱՄՆ-ի ռազմական գործողություններից հետո տեղի ունեցած զարգացումների հետևանքով։ Բաղային ընդգծեց, որ քանի դեռ շարունակվում են այն, «ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները» և Վաշինգտոնի կողմից ստանձնած պարտավորությունների խախտումները, Հորմուզի նեղուցի իրավիճակում որևէ փոփոխություն չի լինի։

Արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև անդրադարձավ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությանը՝ նշելով, որ տարածաշրջանի ժողովուրդները խաղաղ համակեցություն են ցանկանում և դեմ են իրենց երկրներում ամերիկյան զորքերի շարունակական տեղակայմանը։

Նա նշեց, որ Իրանի արձագանքները ուղղված են եղել բացառապես ռազմական հարձակումների աղբյուրին և ոչ թե տարածաշրջանի երկրներին։

Բաղային իր խոսքի մեկ այլ հատվածում, քննադատելով սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի հատվածի, Արևմտյան ափի և Լիբանանի դեմ շարունակվող հարձակումները, հայտարարեց, որ դրանք ԱՄՆ-ի կողմից Թել Ավիվին ցուցաբերվող աջակցության հետևանք են։ Անդրադառնալով նաև Լիբանանի և սիոնիստական ռեժիմի միջև բանակցային գործընթացին՝ նա նշեց, որ Իրանի համոզմամբ՝ այդ ռեժիմը նախկինում չի պահպանել իր ստանձնած պարտավորությունները։

  • Կիսվել: