շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
ԱՄՆ դատարանը վերացրել է ՀՀ քաղաքացիների համար ներգաղթային վիզաների կասեցումը

ԱՄՆ դատարանը վերացրել է ՀՀ քաղաքացիների համար ներգաղթային վիզաների կասեցումը

Միացյալ Նահանգների դաշնային դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրումը դադարեցնելու՝ նախագահ Թրամփի վարչակազմի որոշումը։

Մանհեթենի շրջանային դատարանի դատավոր Ջինեթ Վարգասն «ակնհայտ ապօրինի» է որակել որոշումը, որով այդ երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրումը դադարեցվել է բացառապես նրանց ազգության հիման վրա:

Դատավորը պնդել է, որ Մարկո Ռուբիոն գերազանցել է իր լիազորությունները, քանի որ օրենսդրությունը թույլ չի տալիս պետքարտուղարին նման ձևով միջամտել հյուպատոսությունների աշխատանքին:

Պետդեպարտամենտն այս տարվա հունվարին մտցրած սահմանափակումների հիմնավորման մեջ նշել էր, թե 75 երկրների քաղաքացիները մեծ հավանականությամբ կարող են ֆինանսական բեռ դառնալ պետության համար և ԱՄՆ-ում օգտվել սոցիալական աջակցությունից:

Խոսքը ներգաղթի վիզաներին էր վերաբերում և չէր տարածվում ԱՄՆ տուրիստական և ժամանակավոր այլ վիզաների տրամադրման վրա:

Հայաստանից բացի, սահմանափակումները վերաբերում էին Ռուսաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Վրաստանի, Մոլդովայի, ինչպես նաև Սոմալիի, Աֆղանստանի, Բրազիլիայի, Իրանի, Իրաքի, Եգիպտոսի, Ուրուգվայի, Լիբանանի և այլ երկրների քաղաքացիներին:



  • Կիսվել: