ԱՄԷ-ի և Իսրայելի արտգործնախարարները քննարկել են Գազայի հատվածում տիրող իրադրությունը
Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ ալ-Նահյանն Աբու Դաբիում իր իսրայելցի պաշտոնակից Գիդեոն Սաարի հետ քննարկել է Գազայի հատվածում տիրող իրադրությունը: Այս մասին հաղորդել է ԱՄԷ-ի պետական լրատվական գործակալությունը:
Ըստ հրապարակման՝ նախարարները քննարկել են Գազայի հատվածում հրադադարի հասնելուն և իսրայելցի պատանդների ազատ արձակմանն ուղղված ջանքերը։
Բացի այդ, ԱՄԷ արտգործնախարարը X սոցիալական ցանցում նշել է, որ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային վերջին իրադարձությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել «Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի էսկալացմանը»։
Իր հերթին իսրայելական կողմը հայտարարել է, որ նախարարների հանդիպմանը քննարկվել է «տարածաշրջանային խնդիրների ողջ շրջանակը»։
Միևնույն ժամանակ Իսրայելի զինվորականները հայտնել են, որ հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող օբյեկտին, որտեղից, ըստ նրանց, հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ:
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել Գազայի հատվածում հրթիռային կայանքին, որտեղից ավելի վաղ արկեր են արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ», - ասվում է Իսրայելի զինվորականների հայտարարության մեջ:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաղորդել էր, որ երկրի ղեկավարը կարգադրել է «վճռական պատասխան» տալ և հավանություն է տվել Գազայի հատվածում «ուժեղացված» ռազմական գործողությունների շարունակմանն այն բանից հետո, երբ այդ գոտուց շուրջ 10 հրթիռ է արձակվել է Իսրայելի հարավի ուղղությամբ։