երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ալիևի սուտը՝ Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում

Ալիևի սուտը՝ Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձել է մոլորության մեջ գցել Աստանայում ընթացող Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի մասնակիցներին՝ Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների վերաբերյալ կեղծ հավաստիացումներով։

«Հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում քաղաքացիական անձանց կամ քաղաքացիական ենթակառուցվածքներին վնաս չի հասցվել։ Ադրբեջանը գործել է միջազգային մարդասիրական իրավունքին լիովին համապատասխան։ Այս փաստերը հաստատել են ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ովքեր երկու անգամ այցելել են տարածաշրջան»,- ասել է Ալիևը։

Իրականում, ըստ Հայաստանի քննչական կոմիտեի՝ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների՝ սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել է ավելի քան 200 զինծառայող և քաղաքացիական անձ։ Մոտ 12 խաղաղ բնակիչ և 30 զինվորական անհետ կորած է համարվում։ Առնվազն 14 անձի նկատմամբ խոշտանգումների դեպքեր են հաստատվել, որոնցից 12-ը զինծառայողներ են, 2-ը՝ քաղաքացիական անձինք։ Մարտերի արդյունքում 3 երեխա է զոհվել։ 231 զինվորական և 80 խաղաղ բնակիչ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։

Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ իրականացված էթնիկ զտումների՝ ծրագրված և կանխամտածված քաղաքականության արդյունքում գրեթե ողջ բնակչությունը՝ ավելի քան 100 հազար մարդ, բռնի տեղահանվեց՝ առանց գույքը հեռացնելու համապատասխան ժամանակի և հնարավորության։ Միևնույն ժամանակ, բռնի տեղահանման ժամանակ և դրանից անմիջապես հետո արձանագրվել է 64 խաղաղ բնակիչների մահ, ինչն ուղղակի պատճառահետևանքային կապի մեջ է շրջափակման, էթնիկ զտումների և բռնագաղթի ընթացքում կրած զրկանքների՝ սովի,  դեղերի և բժշկական օգնություն սակավության և այլի հետ:

ՄԱԿ-ի առաքելությունը, որին անդրադարձել է Ալիևը, արդեն բազմաթիվ հարցեր է առաջացրել միջազգային փորձագետների շրջանում։ Առաքելությունը ղեկավարում էր Ադրբեջանում ՄԱԿ-ի ներկայացուցիչը, իսկ ինքն՝ առաքելությունը, եղել է Ստեփանակերտի՝ նրա ընտրած մի քանի փողոցներում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: