չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ալիևի հետ զրույցում Պուտինը շեշտել է Արցախի բնակչության իրավունքների ու անվտանգության պահպանման կարևորությունը

Ալիևի հետ զրույցում Պուտինը շեշտել է Արցախի բնակչության իրավունքների ու անվտանգության պահպանման կարևորությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Երկուստեք նշվել է Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը։ Այս համատեքստում մեծ նշանակություն է տրվում Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև խաղաղապահների միջնորդությամբ սկսված բանակցություններին։

«Քննարկվել են տարածաշրջանում իրավիճակի հետագա կայունացման և մարդասիրական խնդիրների հաղթահարմանն ուղղված առաջնահերթ քայլերը։ Վլադիմիր Պուտինն ընդգծել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը։ Հաստատվել է ադրբեջանական կողմի պատրաստակամությունը՝ այս հարցերի շուրջ փոխգործակցելու ռուս խաղաղապահների հետ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցային ուղում ակտիվացնել աշխատանքը՝ 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով հայտնի եռակողմ պայմանավորվածություններին համահունչ՝ նախևառաջ տրանսպորտային կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման առումով», - ասվում է հաղորդագրությունում։

Դրանում նաև նշվում է, որ Ալիևը ներողություն է խնդրել և ցավակցություն հայտնել երեկ Արցախում ռուս խաղաղապահների զոհվելու կապակցությամբ: Ալիևը պատրաստակամություն է հայտնել ֆինանսական օգնություն ցուցաբերել զոհված ռուս խաղաղապահների ընտանիքներին: Ընդգծվել է, որ տեղի ունեցածի առավել մանրակրկիտ քննություն է իրականացվելու, և բոլոր մեղավորները պատշաճ պատիժ են ստանալու։ Այդ կապակցությամբ երկու երկրների գլխավոր դատախազությունները սերտ կապի մեջ են։

  • Կիսվել: