Աջարիայի կառավարության ղեկավարը հրաժարական է տվել
Թոռնիկե Ռիժվաձեն հրաժարական է տվել Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահի պաշտոնից՝ պաշտոնում գրեթե յոթ տարի աշխատելուց հետո։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ես որոշել եմ հրաժարական տալ»,- գրել է նա։
Ռիժվաձեն չի բացատրել իր որոշումը՝ ասելով միայն, որ «եկել է նոր բանի ժամանակը»։
Նա շնորհակալություն է հայտնել իշխող «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին և իշխող թիմի մյուս անդամներին աջակցության և վստահության համար։
Թոռնիկե Ռիժվաձեն 36 տարեկան է։ Նա Աջարիայի կառավարության նախագահն է 2018 թվականի հուլիսից։ Նրա թեկնածությունը Ինքնավարության Գերագույն խորհրդի հաստատմանը ներկայացրել է «Վրացական երազանքը»։
Մինչ այս Ռիժվաձեն զբաղեցնում էր Վրաստանի էներգետիկայի փոխնախարարի և Վրաստանի էներգետիկայի զարգացման հիմնադրամի տնօրենի պաշտոնը, գրում է «Նովոստի Գրուզիան»։