հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
«Աջակցություն գյուղին». Մառնեուլիի հայաբնակ գյուղերում իրականացվելիք ծրագրերը

«Աջակցություն գյուղին». Մառնեուլիի հայաբնակ գյուղերում իրականացվելիք ծրագրերը

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի շրջանի հայաբնակ գյուղերում ավարտվել են «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում հանդիպումները։ «Ալիք Մեդիա Վրաստան»-ը պարզել է ծրագրի շրջանակներում Մառնեուլիի հայաբնակ գյուղերում ընտրված առաջնահերթությունները։

Ի դեպ, այս տարի առաջին անգամ, բոլոր գյուղական հանդիպումներում քաղաքապետարանի աշխատակիցները հայտնել են, որ գյուղերին հատկացվող գումարը, հավանաբար, 200 տոկոսով կավելացվի:

  • Դամիա գյուղում կվերանորոգվի ակումբի հարևանությամբ գտնվող սենյակը: Ըստ գյուղացիների՝ նախատեսում են օգտագործել որպես ժամանցի, հետագայում՝ մարզումների սենյակ: Գյուղին հատկացվել է 12 հազար լարի։
  • Կարմիրգյուղում կվերանորոգվի հուշարձանին հարող այգին: Ըստ գյուղացիների՝ լուսավորություն կանցկացվի, կտնկվեն դեկորատիվ ծառեր, աթոռներ կտեղադրվեն, հատակին դեկորատիվ քարեր կշարվեն և այլն: Գյուղին հատկացվել է 16 հազար լարի:
  • Շահումյան գյուղում կշարունակվի ցերեկային լուսավորության անցկացման աշխատանքն ու այս տարի ավարտին կհասցվի. գյուղն ամբողջությամբ լուսավորված կլինի: Գյուղին հատկացվել է 20 հազար լարի։
  • Խոժոռնի գյուղում հանգստյան գոտի կկառուցվի, որը համալրված կլինի հանգստյան գոտիների համար նախատեսված բոլոր սարքուկարգով: Գյուղին հատկացվել է 16 հազար լարի։
  • Բրդաձոր գյուղ եկող զառիվեր ճանապարհը կբետոնապատվի: Գյուղին հատկացվել է 10 հազար լարի։
  • Գյուլիբաղում բետոնե ջրատարներ կկառուցվեն, որոնք նախատեսված կլինեն ոռոգման ջրի համար: Գյուղին հատկացվել է 12 հազար լարի։
  • Ծոփ գյուղում կշարունակվի 2024 թվականի բյուջեով կիսատ մնացած բետոնապատ ճանապարհի շարունակությունը: Գյուղին հատկացվել է 16 հազար լարի։
  • Աղքյորփիում նախատեսվում է ժամանցի սենյակին հարող հին շինությունը քանդել և դրա հաշվին ժամանցի սենյակը մեծացնել: Գյուղին հատկացվել է 16 հազար լարի։
  • Չանախչի գյուղում գետի ափամերձ ճանապարհները կվերանորոգվեն, որոնք քանդվել էին գետի վարարումից: Գյուղին հատկացվել է 12 հազար լարի։
  • Օփրեթիում գերեզմանատան ցանկապատի ստորին հատվածում բետոնապատում կիրականացվի` առավել ամրացնելու նպատակով: Գյուղին հատկացվել է 10 հազար լարի։
  • Խոխմել գյուղում կշարունակվի 2024-ից կիսատ մնացած բետոնապատ ճանապարհի շարունակությունը։ Գյուղին հատկացվել է 10 հազար լարի։
  • Ծերաքվի գյուղում կշարունակվի ցերեկային լուսավորության անցկացումը և այս տարի ավարտին կհասցվի. գյուղն ամբողջությամբ լուսավորված կլինի: Գյուղին հատկացվել է 10 հազար լարի։
  • Սիոնիում գերեմանատան վերանորոգում կիրականացվի: Գյուղին հատկացվել է 10 հազար լարի։

Կարմիրգյուղի բնակիչ, ուսանող Գարիկ Գասպարյանն «Ալիք Մեդիա Վրաստան»-ին ասաց, որ Մառնեուլիի քաղաքապետարանից հանդիպումներին եկած աշխատակիցներն ասել են, որ գյուղին հատկացվող 16 հազար լարին կրկնապատկվելու է. կդառնա 32 հազար լարի:

Դամիայի բնակիչներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ, պատմեց. «Հանդիպումների ժամանակ Մառնեուլիի քաղաքապետարանից եկած աշխատակիցներն ասացին, որ հատկացվելիք գումարի չափը՝ 12 հազար լարին, կավելացնեն 2 անգամ, որպեսզի սենյակն ամբողջովին վերանորոգվի»:

Վերոնշյալ գյուղերը (բացի Դամիայից ու Կարմիրգյուղից) Մառնեուլիի սակրեբուլոյում ներկայացնող հայազգի պատգամավոր Արսեն Հախվերդյանը «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց, որ այս տարի, ի տարբերություն նախորդների, «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում գյուղական ժողովներ-խորհրդակցություններին գյուղացիները զգալիորեն ակտիվ են մասնակցում:

«Բոլոր գյուղերում էլ ակտիվություն էր նկատվում: Գյուղացիներն ազատ արտահայտում էին իրենց ցանկությունները, և հատկանշական է, որ հենց նրանց առաջադրած ցանկություններն ու գաղափարներն են մեծամասամբ իրականացվում», — նշեց Հախվերդյանը:

Ի դեպ, Մառնեուլիում «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում գյուղական ժողովներ-խորհրդակցությունները մեկնարկել էին փետրվարի 10-ից:

«Աջակցություն գյուղին»- ծրագրի համար 2025 թվականին կենտրոնական բյուջեից Մառնեուլիին հատկացվել է 1 մլն 232 հազար լարի: Գումարը բաշխվել է գյուղերին՝ ըստ բնակչության թվի։ Յուրաքանչյուր գյուղի համար նվազագույն գումարը 10 հազար լարի է, իսկ առավելագույնը՝ 20 հազար լարի:

  • Կիսվել: