հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԱՀԿ-ն հաղորդել է Կոնգոյում Էբոլայի ավելի քան 900 ենթադրյալ դեպքի մասին

ԱՀԿ-ն հաղորդել է Կոնգոյում Էբոլայի ավելի քան 900 ենթադրյալ դեպքի մասին

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլա վիրուսով վարակման ենթադրյալ դեպքերի թիվը գերազանցել է 900-ը: Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

«Համաճարակի հսկողության ընդլայնմանը զուգընթաց ԿԴՀ-ում Էբոլայի բռնկմանը հակազդելու շրջանակներում հայտնաբերվել է ավելի քան 900 ենթադրյալ դեպք, այդ թվում՝ 101 հաստատված դեպք», – գրել է նա X հարթակում։

Գեբրեյեսուսը նշել է, որ Իտուրիի նահանգում, որը բռնկման էպիկենտրոնն է, ապրում է 5 միլիոն մարդ։ Յուրաքանչյուր չորրորդը հումանիտար օգնության կարիք ունի, իսկ յուրաքանչյուր հինգերորդը ներքին տեղահանված է։

«Բռնությունն ստիպում է մարդկանց լքել իրենց տները, այդ թվում՝ բժշկական և հումանիտար ոլորտի աշխատողներին։ Սա լրջորեն դժվարացնում է շփումների հսկման ընդլայնումը և վարակվածների ավելի շուտ հայտնաբերումը», – նշել է ԱՀԿ ղեկավարը։

Մայիսի 17-ին ԱՀԿ-ն Էբոլայի բռնկման պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել ԿԴՀ​-ում և Ուգանդայում։ Մայիսի 22-ին կազմակերպությունը ԿԴՀ-ում ռիսկի մակարդակը բարձրացրել է «բարձրից» մինչև «շատ բարձր»։

Կազմակերպության ղեկավարի խոսքով՝ իրավիճակը բարդանում է այն բանով, որ բռնկումը պայմանավորված է Էբոլա վիրուսի հազվագյուտ տարբերակով, որի համար գոյություն չունի հավանության արժանացած պատվաստանյութ կամ հատուկ բուժում։

Էբոլա վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 1976 թ. Սուդանում և ԿԴ​​Հ-ում։ Այս բռնկումներից մեկը գրանցվել է Էբոլա գետի մերձակայքում, որից և հիվանդությունն ստացել է իր անվանումը։ Վարակվելու դեպքում մահացության միջին մակարդակը կազմում է մոտավորապես 50%։

  • Կիսվել: