հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
ԱՀԿ-ն անհապաղ գործելու կոչ է արել Եվրոպական տարածաշրջանում երեխաների շրջանում տուբերկուլյոզի դեպքերի 10% աճի ֆոնին

ԱՀԿ-ն անհապաղ գործելու կոչ է արել Եվրոպական տարածաշրջանում երեխաների շրջանում տուբերկուլյոզի դեպքերի 10% աճի ֆոնին

Առողջապահության համաշախարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանում երեխաների շրջանում տուբերկուլյոզի դեպքերի թիվը 2023 թվականին աճել է 10%-ով։ Ըստ ԱՀԿ-ի՝ սա ցույց է տալիս հիվանդության շարունակական փոխանցումը և անհապաղ միջոցների կիրառման անհրաժեշտությունը՝ հիվանդության տարածումը կանխելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում, որն ընդգրկում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 53 երկիր, 2023 թվականին 15 տարեկանից ցածր երեխաների շրջանում գրանցվել է տուբերկուլյոզի ավելի քան 7500 դեպք, ինչը գրեթե 650-ով ավելի է 2022 թվականի համեմատությամբ։ 

Ըստ ԱՀԿ-ի և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության եվրոպական կենտրոնի համատեղ զեկույցի՝ 15 տարեկանից ցածր երեխաներին բաժին է ընկել Եվրոպական միության տուբերկուլյոզի դեպքերի 4,3%-ը։ Սա ցույց է տալիս այս տարիքային խմբում դեպքերի աճ արդեն երրորդ տարին անընդմեջ։ 

ԱՀԿ-ն նախկինում նախազգուշացրել է, որ համաշխարհային դոնորների կողմից ֆինանսավորման կրճատումը կարող է վատ անդրադառնալ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում տուբերկուլյոզի վերահսկողության ոլորտում ձեռք բերված առաջընթացի վրա։

Տուբերկուլյոզն աշխարհում մահվան հիմնական պատճառների տասնյակում է գտնվում։ Դա մահացու բակտերիալ վարակ է, որը հիմնականում ազդում է թոքերի վրա և տարածվում հազի ու փռշտոցի միջոցով։

 

  • Կիսվել: