շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ԱՀԿ գլխավոր տնօրենը հայտարարել է, որ հանտավիրուսի համավարակի սպառնալիք չկա

ԱՀԿ գլխավոր տնօրենը հայտարարել է, որ հանտավիրուսի համավարակի սպառնալիք չկա

MV Hondius զբոսանավում հանտավիրուսի բռնկումը որևէ լուրջ սպառնալիք չի ներկայացնում։ Այս մասին Մադրիդում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«ԱՀԿ-ի գնահատմամբ՝ համաշխարհային մասշտաբով առողջության համար ռիսկը ցածր է», - նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Գեբրեյեսուսը նշել է, որ ներկա դրությամբ գրանցվել է վարակման ինը դեպք, ևս երկու հիվանդի մոտ առկա է հանտավիրուսով վարակման կասկած, սակայն նրանց անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտել։ Բոլոր հիվանդները մեկուսացված են և գտնվում են բժշկական հսկողության տակ։

«Ավելի խոշոր բռնկման ոչ մի նշան չկա», - վստահեցրել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը՝ հավելելով, սակայն, որ առաջիկա շաբաթներին կարող են հայտնաբերվել նոր դեպքեր։

Նա հանձնարարել է հիվանդների նկատմամբ խիստ հսկողություն իրականացնել մինչև հունիսի 21-ը։

Հանտավիրուսը սովորաբար տարածվում է կրծողների միջոցով, սակայն Անդերի շտամը, որով, ըստ ԱՀԿ-ի, վարակվել են նիդեռլանդական նավի որոշ ուղևորներ Հարավային Ամերիկայում գտնվելու ժամանակ, կարող է փոխանցվել մարդկանց միջոցով։

Ախտանիշները կարող են ներառել ջերմություն, հոգնածություն, մկանային, ստամոքսի ցավեր, փսխում, փորլուծություն և շնչարգելություն։

 

  • Կիսվել: