ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
ԱԷՄԳ–ն մուտք չի ստանա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից տուժած միջուկային օբյեկտներ․ Ղալիբաֆ

ԱԷՄԳ–ն մուտք չի ստանա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից տուժած միջուկային օբյեկտներ․ Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի նախագահ և իրանական բանակցային խմբի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) մուտք չի ստանա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով տուժած միջուկային օբյեկտներ, հաղորդում է Mehr-ը։

Նրա խոսքով՝ Իրանի օրենսդրությունը, ինչպես նաև երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի որոշումը ուղղակիորեն արգելում են ստուգումները վնասված օբյեկտներում։

«Մենք ինքներս խորհրդարանում ընդունել ենք համապատասխան օրենքը, իսկ Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը նույնպես հաստատել է իր որոշումը։ Այս օրենքի համաձայն՝ ռմբակոծության ենթարկված և վնասված օբյեկտներին որևէ մուտք չի տրամադրվելու։ Սա է օրենքը», — հայտարարել է Ղալիբաֆը։

Նա ընդգծել է, որ տեսուչների մուտքի կարգը որոշվում է բացառապես Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից։ Նրա խոսքով՝ ներկայումս ԱԷՄԳ-ն իրավունք ունի ստուգումներ անցկացնել միայն երկու օբյեկտում՝ Բուշեհրի ատոմային էլեկտրակայանում և Թեհրանի հետազոտական ռեակտորում։

«Այժմ նրանք մուտքի իրավունք ունեն միայն երկու օբյեկտ՝ Բուշեհրի էլեկտրակայան և Թեհրանի ռեակտոր։ Մուտքը սահմանափակված է այս օբյեկտներով, և մենք խստորեն պահպանում ենք դա», — նշել է նա։

Ղալիբաֆը նաև մեկնաբանել է բանակցային գործընթացի հասցեին հնչող քննադատությունը՝ հայտարարելով, որ մտադիր է միաժամանակ պաշտպանել երկրի շահերը թե՛ դիվանագիտական ուղղությամբ, թե՛ անվտանգության ոլորտում։

«Ոմանք երկրին չեն օգնում ո՛չ դիվանագիտության մեջ, ո՛չ պատերազմի ժամանակ։ Բայց ես մտադիր եմ և՛ պայքարել, և՛ վարել դիվանագիտություն», — ասել է նա։

Բացի այդ, իրանցի քաղաքական գործիչը ընդգծել է, որ, իր կարծիքով, Իրանի հակառակորդները հասկանում են միայն ուժի լեզուն։

«Մեր թշնամին ուժի լեզվից բացի ոչինչ չի հասկանում, և մենք պետք է նրա հետ խոսենք ուժի դիրքերից», — հայտարարել է Ղալիբաֆը։

Նրա հայտարարությունները հնչել են այս շաբաթ Դոհայում կայացած բանակցություններից հետո, որոնց մասնակցել են Իրանը և միջնորդները՝ առանց ԱՄՆ ներկայացուցիչների ներկայության։

Իրանական կողմի տվյալներով՝ հանդիպման ընթացքում Թեհրանը պաշտոնապես բարձրացրել է հրադադարի մասին հուշագրի՝ Միացյալ Նահանգների կողմից խախտումների հարցը։

  • Կիսվել: