ԱԷՄԳ-ի մասնագետները վաղ թե ուշ կստուգեն Իրանի ատոմային օբյեկտները․ Գրոսի
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) մասնագետները վաղ թե ուշ կսկսեն Իրանի միջուկային օբյեկտների տեսչական ստուգումները. համապատասխան կետը ներառված է ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրում։ Այս մասին, ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայան այցելության ժամանակ հայտարարել է ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին։ Այնտեղ շարունակվում է մաքրված ջրի բացթողումը օվկիանոս։
«Հուշագրում հստակ ամրագրված է, որ միջուկային նյութեր օգտագործող օբյեկտներում, գործունեությունն իրականացվելու է ԱԷՄԳ-ի վերահսկողության ներքո։ Ակնհայտ է, որ դրա համար անհրաժեշտ են տեսչական ստուգումներ, և դրանք լինելու են»,- Գրոսիի խոսքերն է մեջբերել «Associated Press» գործակալությունը։ Միևնույն ժամանակ, ԱԷՄԳ-ի ղեկավարը նշել է, որ այս պահին դեռ որոշված չէ, թե երբ կարող են սկսվել այդ ստուգումները։ «Դա կլինի վաղը չէ մյուս օրը, մեկ շաբաթ, թե՞ 10 օր հետո, կարևոր հարց է, բայց ոչ վճռորոշ»,- հավելել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ-ն և Իրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում է նախատեսում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ Հունիսի 21-22-ը շվեյցարական Բյուրգենշտոկ առողջարանային քաղաքում Կատարի և Պակիստանի միջնորդությամբ տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները՝ ուղղված հուշագրի դրույթների իրագործմանը։ Դրանից հետո, սակայն, Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը Բյուրգենշտոկում ԱԷՄԳ-ի հետ չի քննարկել իր միջուկային օբյեկտներում նոր տեսչական ստուգումներ անցկացնելու հարցը։



