ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ադրբեջանը թույլ չի տվել, որ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի հետախուզական ինքնաթիռը հատի իր օդային տարածքը

Ադրբեջանը թույլ չի տվել, որ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի հետախուզական ինքնաթիռը հատի իր օդային տարածքը

Ադրբեջանը թույլ չի տվել, որ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի հետախուզական ինքնաթիռը հատի իր օդային տարածքը, հայտնում է «Թուրան» գործակալությունը: Միջադեպը գրանցվել է Կասպից ծովի ադրբեջանական հատվածում:

Սիրիայից հայրենիք վերադարձող ռուսական ինքնաթիռը հարկադրված է եղել օդային միջանցք խնդրել Թուրքմենստանից, ապա այդ երկրի եւ Ղազախստանի տարածքով մուտք է գործել Աստրախանի մարզ, որտեղ էլ, հավանաբար, վայրէջք է կատարել: Նույն աղբյուրի տեղեկացվածությամբ՝ մի քանի օր առաջ ռուսաստանյան օդուժն անարգել մտել է Ադրբեջանի օդային տարածք, ապա անցել Իրան եւ վայրէջք կատարել սիրիական «Հմեյմին» օդանավակայանում:

Ո՞րն է ռուսաստանյան հետախուզական ինքնաթիռի առջեւ երկրի օդային տարածքը փակելու՝ Ադրբեջանի իշխանությունների որոշման շարժառիթը՝ մնում է անհայտ: Նույն օրը Գյանջայում ուսումնա-վարժական թռիչքներ են իրականացրել Ադրբեջանի եւ Թուրքիայի մարտական ինքնաթիռները:

Տավուշում հուլիսյան եռօրյա մարտերից հետո Ադրբեջանը եւ Թուրքիան անցկացրին համատեղ զորավարժություններ, որոնց ներգրավված էր թուրքական F-16 կործանիչների մեկ էսկադրիլիա: Մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ այդ կործանիչները Թուրքիա չեն վերադարձվել, բազավորվել են Բաքվին մերձակա Նասոսնայա ռազմական օդանավակայանում, որը հայտնի է խորհրդային տարիներից:

Սեպտեմբերի 15-ին Գյանջայում համատեղ թուրք-ադրբեջանական վարժական թռիչքներն ապացուցում են, որ F-16 կործանիչներն իրոք գտնվում են Ադրբեջանի տարածքում: Ըստ երեւույթին՝ մշտական տեղակայման հեռանկարով: Միլլի մեջլիսի պատգամավոր Գուդրեթ Հասանգուլիեւը հայտարարել է, որ խորհրդարանի աշնանային նստաշրջանին կներկայացնի օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որպեսզի հաղթահարվի Ադրբեջանում օտարերկրյա ռազմական ներկայության իրավական արգելքը: Խոսքն անկասկած թուրքական ռազմահենակայանի մասին է:

Զուգադիպությու՞ն է, որ թուրք-ադրբեջանական համատեղ վարժանքներ են անցկացվում նույն օրը, երբ ռուսաստանյան հետախուզական ինքնաթիռի առջեւ փակվում է Ադրբեջանի օդային տարածքը: Սեպտեմբերի 15-ը Բաքվի թուրքական օկուպացիայի եւ ադրբեջանականացման օրն է:

  • Կիսվել: