Ադրբեջանում վրաստանցու կողմից րաբբիի սպանության դեպք է կանխվել
Ադրբեջանի անվտանգության ծառայությունները կանխել են րաբբիի դեմ Իրանի հետ կապեր ունեցող անձանց կազմակերպած մահափորձը. նրան պետք է սպաներ վրաստանցի մարդասպանը, ապրիլի 5-ին հաղորդել է ամերիկյան The Washington Post ազդեցիկ լրատվամիջոցը, տեղեկացնում է aliq.ge-ն:
Ըստ տեղեկության՝ Ադրբեջանը «մերկացրել է դավադրությունն՝ ուղղված Բաքվում բնակվող հրեա կրոնական առաջնորդին»։ The Washington Post-ը հայտնել է, որ սխեման մշակել են Իրանի հետ կապված խմբերը, որը պետք է իրականացնեին հանցավոր խմբավորումները։
The Washington Post-ը նշել է, որ իրանական հետախուզական ծառայությունները, մասնավորապես` Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) էլիտար ստորաբաժանումը, սիստեմատիկորեն օգտագործել է հանցավոր միջնորդներ՝ վերացնելու համար այն մարդկանց, որոնք ռեժիմի համար սպառնալիք են ընկալվում: Ըստ հրապարակման՝ Իրանը նախկինում նման մեթոդներ է կիրառել Թուրքիայում, Նիդեռլանդներում, Կիպրոսում։
Նշված է, որ Բաքվում ծրագրված ահաբեկության կազմակերպիչներն իրանական հետախուզությանն առնչվող խմբավորումներ են եղել, իսկ անմիջական հեղինակը Վրաստանից Ագիլ Ասլանովն է, որին հանձնարարվել է 200 հազար ԱՄՆ դոլարի դիմաց վերացնել հրեա կրոնական առաջնորդին։
Բաքվում բնակվող րաբբին, որի անունը չի հրապարակվում անվտանգության նկատառումներից ելնելով, տեղի հրեական համայնքում առանցքային դեմք է: