շաբաթ, օգոստոս 29
29 / 8 / 2026
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Լեհաստանի դեսպանին լեհական հեռուստաալիքի թողարկման կապակցությամբ

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Լեհաստանի դեսպանին լեհական հեռուստաալիքի թողարկման կապակցությամբ

Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել է Բաքվում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Ռադոմսկին, նրան բողոք են հայտնել լեհական TVP World հեռուստաալիքի թողարկման կապակցությամբ:

Նշվում է, որ հեռուստաալիքը Ադրբեջանի մասին ռեպորտաժ է ներկայացրել, որը «պարունակում է կանխակալ, ոչ օբյեկտիվ և միանգամայն անընդունելի պնդումներ, որոնք ուղղված են ադրբեջանական պետության և երկրի ղեկավարության դեմ»: Ադրբեջանի ԱԳՆ-ում նաև ընդգծել են «հաղորդման ընթացքում հաղորդավարի սադրիչ պահվածքը»: Թողարկումը եթեր է հեռարձակվել օգոստոսի 26-ին:

ԱԳՆ-ից չեն հստակեցրել, թե կոնկրետ ինչ ռեպորտաժի մասին է խոսքը, սակայն օգոստոսի 26-ին եթեր է հեռարձակվել մի սյուժե, որում խոսվում էր Ադրբեջանում լրագրողների և քաղաքական ակտիվիստների բռնաճնշումների մասին: Հաղորդավարը հյուրերի հետ քննարկել է նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից Հանրապետության սահմաններից դուրս հետապնդումների կազմակերպումը՝ խոսելով արտերկրում բնակվող Բաքվի քննադատների նկատմամբ հեռակա դատավճիռների մասին:

  • Կիսվել: