2026-ին հակամարտության գոտիներում առողջապահական համակարգի վրա օրական ավելի քան չորս անգամ հարձակումներ են լինում. ԱՀԿ
Հակամարտության գոտիներում, ներառյալ՝ Ուկրաինայում և Գազայում, բժշկական հաստատությունների, բուժաշխատողների ու բուժառուների վրա հարձակումները 2026 թվականին շարունակում են աճել՝ հասնելով օրական միջինում ավելի քան չորս դեպքի, հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։
ԱՀԿ-ի տվյալներով, որոնք Ժնևում ներկայացրել է գործակալության հումանիտար աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության տնօրեն Ալթաֆ Մուսանին, ընթացիկ տարվա հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել ավելի քան 900 հարձակում, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 900 մարդ, իսկ ավելի քան 1400-ը վիրավորվել են։
Մուսանիի տվյալներով՝ գրանցված դեպքերի ամենամեծ բաժինը բաժին է ընկնում Ուկրաինային, Լիբանանին և օկուպացված պաղեստինյան տարածքներին, թեև հարձակումներ արձանագրվել են նաև Իրանում, Սուդանում, Մյանմայում, Սիրիայում, Նիգերիայում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։
«Մենք տեսնում ենք բռնության ամենատարբեր ձևերը»,- նշել է Մուսանին՝ հիշատակելով ծանր զենքի կիրառումը, բժշկական օբյեկտների ավերումը, ինչպես նաև բուժաշխատողների և բուժառուների ձերբակալություններն ու առևանգումները։ Այդ ժամանակահատվածում ձերբակալվել է 94 բուժաշխատող։
Գազայում վնասվել են բոլոր 36 հիվանդանոցները, և դրանցից միայն մոտ կեսն է շարունակում մասամբ գործել, մինչդեռ Սուդանում այս տարի, ըստ զեկույցների, չեն գործում բժշկական հաստատությունների 37%-ը։ Ուկրաինայում ԱՀԿ-ն պատերազմի սկզբից ի վեր վավերացրել է ավելի քան 3100 հարձակում։
ԱՀԿ-ի ուսումնասիրությունը, որն ընդգրկել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած 69 հարձակում, ցույց է տվել, որ ամբուլատոր խորհրդատվությունների թիվը հարձակումից անմիջապես հետո կրճատվել է 51%-ով և ավելի քան մեկ ամիս մնացել ցածր մակարդակի վրա։
Հարձակումները նաև խաթարում են հիվանդությունների բռնկումների դեմ պայքարի միջոցառումները, նշել է Մուսանին։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում մայիսին Էբոլայի բռնկման մասին հայտարարությունից ի վեր առողջապահության ոլորտի վրա վավերացված 12 հարձակում խաթարել է համաճարակաբանական հսկողությունը, շփումների հետագծումը, բուժումն ու բնակչության շրջանում տեղեկատվական-լուսավորչական աշխատանքը։ Նմանատիպ միջադեպերը դժվարացնում են հիվանդությունների բռնկումների հայտնաբերումն ու զսպումը, հավելել է նա։
ԱՀԿ-ի մոնիթորինգի համակարգի գործարկումից ի վեր՝ 2018 թվականից, 29 երկրներում և տարածքներում վավերացվել է ավելի քան 10 հազար 400 հարձակում, որոնց հետևանքով զոհվել է մոտ 5700 մարդ, իսկ ավելի քան 8500-ը վիրավորվել են, հայտնել է Մուսանին։
Միաժամանակ նա ընդգծել է, որ մինչ այժմ ավելի քան 10 հազար հաստատված հարձակումներից ոչ մեկը չի հասել մեղավորներին իրական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմի։
Բժշկական հաստատությունները պաշտպանված են միջազգային հումանիտար իրավունքի նորմերով և Ժնևյան կոնվենցիաներով, հիշեցրել է ԱՀԿ ներկայացուցիչը։



