շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում ներկայացրել է ԿԳՄՍՆ 2024 թ. բյուջեի հիմնական գերակայությունները

Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում ներկայացրել է ԿԳՄՍՆ 2024 թ. բյուջեի հիմնական գերակայությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2024 թվականի բյուջեն նախատեսված է 345 մլրդ դրամ, որը նախորդ տարվա ծախսերի համեմատ աճել է 95 մլրդ դրամով կամ 38%-ով։ Այս մասին հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նոյեմբերի 15-ին Ազգային ժողովում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը:

Բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ԿԳՄՍ ծախսային հիմնական ուղղություններին՝ ըստ ոլորտների:

Անդրադառնալով 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրին՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ 122 մանկապարտեզներում արդեն ավարտվել են աշխատանքները: Ընդ որում, այդ մանկապարտեզների մեծ մասը կառուցվել է գյուղական համայնքներում, որտեղ երբևէ չեն գործել նախադպրոցական հաստատություններ:

«Աշխատանքները մեծ թափով ընթանում են. այս պահին 142 հաստատություն ընդգրկված է այդ գործընթացում: Մյուս տարվա ընթացքում ևս 100 մանկապարտեզներում կավարտվեն աշխատանքները: Ըստ այդմ, 500 մանկապարտեզների ծրագիրը նույնիսկ կարող է լինել ավելին, քան նախապես պլանավորվել է:

Ինչ վերաբերում է դպրոցներին, ապա արդեն իսկ աշխատանքներն ավարտվել են 26 հաստատություններում. մինչև տարեվերջ դրանք կավարտվեն ևս 8-ում: Հաջորդ տարի աշխատանքներ կսկսվեն 41 հաստատություններում, որոնցից 21-ում դրանք կավարտվեն հենց 2024 թվականին: Զուգահեռաբար 235 հաստատություններում ևս շինարարական աշխատանքներ կիրականացվեն: Արդեն իսկ բավականին մեծ թվով երեխաներ իրենց կրթությունը ստանում են բարելավված պայմաններում»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ կրթական միջավայրի բարելավումը դիտում է որպես առաջնահերթություն:

Նախարարը տեղեկացրել է՝ Արմավիրի մարզի բոլոր դպրոցներն արդեն ստացել են լաբորատոր սարքավորումներ, գործընթացը կշարունակվի մինչև տարեվերջ: Հաջորդ տարվա պլաններում ներառված են միանգամից մի քանի մարզերի՝ Արագածոտնի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի դպրոցների տեխնիկական սարքավորումների բարելավում:

«Այս մարզերի բոլոր դպրոցները կունենան բնագիտական առարկաների և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ: Այս ամենի նպատակը նոր հնարավորությունների ստեղծումն է, որոնց վերաբերյալ արդեն առկա են անկախ գնահատման արդյունքներ: Տավուշի մարզի դպրոցներում նախորդ տարիներին փորձնական կարգով ներդրվել էր հանրակրթության նոր չափորոշիչը, որի վերաբերյալ անկախ գնահատման զեկույցն առաջիկայում կհրապարակվի: Այն ցույց է տալիս, որ չափորոշչի ներդրման գործընթացն այս պայմաններում և այս հնարավորությունների ստեղծմամբ՝ ապահովել է երեխաների կրթական արդյունքի ավելացում ավելի քան կես տարով: Նոր չափորոշիչը ներդրվեց մեր երկրի համար ամենաբարդ ժամանակահատվածում՝ 2021 թվականի փետրվարին՝ հետպատերազմյան իրավիճակում: Վերջինիս փորձարկումը սկսել ենք համավարակի և հետպատերազմական իրավիճակում, և այսօր ունենք այս արդյունքները՝ չնայած բոլոր դժվարություններին: Կարելի էր միայն կարծել, թե ինչպիսին կլինեին արդյունքները, եթե տարիների բեռը և մեր աշխատանքը խոչընդոտող գործոնները չլինեին»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը, խոսելով ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի մասին, տեղեկացրել է՝ այս պահին ավելի քան 5 հազար ուսուցիչներ արդեն ստացել են աշխատավարձի բարձրացման և հավելավճարի ստացման հնարավորություն: Այս ուսուցիչների թիվն աստիճանաբար միայն ավելանալու է:«Այս տարվանից սկսել ենք հավելավճարի նոր ծրագրեր. ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչները (բացառությամբ մաթեմատիկայի) սեպտեմբերին ունեն աշխատավարձի 25 % հավելավճար, իսկ գյուղական մինչև 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչները բոլոր առարկաների գծով կստանան իրենց պակասող դրույքաչափի հավելավճարը՝ մինչև 50 տոկոսի չափով: Այսպիսով, գյուղական համայնքների դպրոցներում մինչև 315 հազար դրամ աշխատավարձ է նախատեսվում նման ուսուցիչների համար:

Ուսուցչի աշխատանքի և մասնագիտության գրավչության բարձրացմանը կնպաստի նաև բուհական համակարգում ներդրված կրթաթոշակային նոր ծրագիրը, որով մանկավարժական ուղղություններով բնագիտական առարկաներով սովորող ուսանողները մինչև 70 հազար դրամ կրթաթոշակ են ստանում: Սա արդեն հանգեցրել է մագիստրատուրայում այս մասնագիտացումներով սովորող ուսանողների թվի կրկնապատկմանը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Անդրադառնալով մշակույթի ոլորտին՝ ԿԳՄՍ նախարարը նշել է՝ 2024 թվականին հուշարձանների վերականգնման համար նախատեսված է 1 մլրդ 159 մլն դրամ: Սա կրկնակի ավելի է 2023 թվականի համեմատ:

Ոլորտում ներդրվել է ֆինանսավորման նոր մոդելը, որն աշխատավարձերի բարձրացման էական հնարավորություններ է ընձեռում թատերահամերգային կազմակերպությունների համար, նախատեսվում է Մշակույթի զարգացման հիմնադրամի ստեղծումը, որը թանգարանների կառավարման և ոլորտում թե՛ որակի, թե՛ արդյունավետության բարձրացման ամենակարևոր գործիքներից է լինելու: Արդեն իսկ սկսվել են տոմսերի միասնական էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքները, որը կգործի հաջորդ տարվանից:

Անդրադառնալով սպորտի ոլորտին՝ նախարարը նշել է՝ մեծ են թե՛ կապիտալ ծախսերի, թե՛ դրամական խրախուսումների աշխատանքները, որոնք տեսանելի արդյունքներ են ապահովում: Նախարարը շեշտել է մեր երկրում միջազգային մրցաշարերի անցկացման կարևորությունը և դրան ուղղված աշխատանքները:

300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերանորոգման կամ հիմնանորոգման և գույքով ապահովման նպատակով 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 111 մլրդ դրամ՝ 2023 թվականի 38,7 մլրդ դրամի դիմաց: Հանրակրթական դպրոցների ֆինանսավորման նոր մոդելի նեդրման նպատակով նախատեսվել է 107 մլրդ դրամ՝ 2023 թ. 99 մլրդ դրամի դիմաց: Կրթական հաստատությունների աշակերտներին դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովման նպատակով նախատեսվել է 2,3 մլրդ դրամ՝ 2023 թ. 1,1 մլրդ դրամի դիմաց: Հանրակրթական դպրոցների ուսուցիչների, նախնական և միջին մասնագիտական, արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճարի տրամադրման նպատակով նախատեսվել է 4,2 մլրդ դրամ՝ 2023թ. 3,6 մլրդ դրամի դիմաց: Պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների գծով կրթաթոշակների չափերի՝ բուհերում 70 հազար դրամ, ուսումնարաններում և քոլեջներում՝ 50 հազար դրամ սահմանելու նպատակով նախատեսվել են համապատասխանաբար 200 և 600 մլն դրամ գումար: Զգալի միջոցներ են նախատեսվում հանրակրթական դպրոցներում ԲՏՃՄ ոլորտի, բացառությամբ մաթեմատիկայի, և գյուղական բնակավայրերում մինչև 100 սովորող ունեցող դպրոցներում դասավանդող ուսուցիչներին հավելավճարի սահմանման նպատակով՝ համապատասխանաբար 1,7 մլրդ և 2,5 մլրդ դրամի չափով:

 

  • Կիսվել: