Մեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է. Ընթանում է Կառավարության հերթական նիստը. Երկարատև ընդմիջումից հետո այն վարում է Փաշինյանը (ուղիղ)
Հայաստանի Հանրապետության կառավարության հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու առաքելության շարունակությունն է և պետության վերելքը։
Այս մասին հունիսի 11-ին Կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շնորհավորելով նիստի մասնակիցներին խորհրդարանական ընտրությունների անցկացման առթիվ։
«Պետությունը մարդու, քաղաքացու անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը ապահովելու միջոց է, և մենք պետք է գործենք այդ տրամաբանությամբ։ Մենք արդեն կսկսենք Կառավարության ծրագրի նախագծի մշակումները, որն, իհարկե, նոր Կառավարության ձևավորումից հետո պետք է հաստատվի Ազգային ժողովում»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նաև լավ լուր համարեց այն, որ նախկին երկու ընտրությունների դեպքերում այսքան ժամանակ չեն ունեցել ո՛չ Կառավարության կազմի, ո՛չ ծրագրի և այլ փաստաթղթերի մասին մտածելու համար, որովհետև նախորդ երկու ընտրությունները եղել են արտահերթ։
«Կարծում եմ, որ հիմնական տրամաբանությունն ակնհայտորեն լինելու է մեր գործողությունների և անելիքների շարունակականությունը, և դրա համար այս փուլում կարևոր է նախորդող շրջանն ամբողջությամբ վերլուծել և հասկանալ, թե ինչն է, որ պետք է առավել ակտիվացնել և ինչից է, որ պետք է հրաժարվենք, և որտեղ է, որ մեր արդյունքները մեզ բավարար չեն թվում և պետք է այդտեղ ավելի մեծ ջանքեր գործադրենք»,-ընդգծեց վարչապետը։
Նա նաև հավելեց, որ իր կողմից առաջարկվել է նոր գաղափար, որով Կառավարությունն իր առաջիկա ծրագրում ունենա առաջնահերթությունների հստակ ցանկ։
«Կարևոր է, որ մենք ունենանք առաջնահերթություններ և առաջնահերթությունների առաջնահերթություններ, ինչպես, օրինակ, նախորդ Կառավարության ծրագրում հստակ նշված էր, որ բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունը խաղաղության օրակարգն է, և մենք գերկենտրոնացած մնացինք այդ թեմայի վրա և արդյունք արձանագրեցինք։ Հիմա մենք պետք է ունենանք առաջնահերթություններ և առաջնահերթությունների առաջնահերթություններ, որպեսզի մենք ամենօրյա աշխատանքում կարողանանք հարցերի հնարավորինս սեղմ շրջանակի վրա կենտրոնացած մնալ»,-ասաց վարչապետ Փաշինյանը։


