ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձը կբարձրանա 50 և 80 տոկոսի չափով. Նիկոլ Փաշինյան

Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձը կբարձրանա 50 և 80 տոկոսի չափով. Նիկոլ Փաշինյան

ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորների և Սահմանադրական դատարանի  դատավորների վարձատրության չափը կավելանա՝ նրանց տրամադրվող հավելումներն ու հավելավճարները վերանայելու միջոցով:

Կառավարության նիստում նախագիծն ընդունվեց միաձայն: ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է  Վճռաբեկ դատարանի դատավորների համար  սահմանել հավելում պաշտոնային  դրույքաչափի 50 տոկոսի չափով, իսկ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների համար հավելավճարի չափը սահմանել ֆիքսված պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով:
 
«Որպեսզի ՍԴ դատավորների կենսաթոշակը զգալիորեն չտարբերվի մյուս ատյանի դատավորների կենսաթոշակի չափից, պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների օրենքներում էլ նախատեսվել է կարգավորում, որ եթե դատավորի համար սահմանված հավելավճարի չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը, ապա կենսաթոշակի հաշվարկի մեջ ընդգրկվում է հավելավճարի գումարի միայն 30 տոկոսը»,- ասաց նա՝ հավելելով, որ Վճռաբեկ դատարանն իրականացում է կարևոր սահմանադրական առաքելություն, նպաստում է իրավունքի զարգացմանը, ապահովում է դատական պրակտիկայի միասնականություն, այն իր գործի բերումով առերեսվում է դատավարական բողոքների մեծ քանակի և եռաստիճան դատական համակարգում առնչվում է իրավունքի և փաստի ամենաբարդ հարցերի քննությանը: ՍԴ-ն էլ իր հերթին ապահովում է իրավակիրառ պրակտիկայում Սահմանադրության առավել ամբողջական ընկալում ու սահմանադրական օրինականությունը որոշում է նաև կարևոր օրենսդրական նախաձեռնությունների ճակատագրեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ այս  որոշումները կայացնում ենք ոչ թե հանուն դատավորների, այլ հանուն քաղաքացիների, ովքեր առնչվում են դատարանների հետ:

«Արդարությունը և պատշաճ արդարադատությունը ամենակարևոր հնարավորությունն է, որ մենք երկրում պետք է ունենսնք: Մենք ուզում ենք, որ ՀՀ-ում լինի այնպիսի դատական համակարգ, որը պայմանականորեն ասած նայում է մարդկանց աչքերին, այլ ոչ մարդկանց ձեռքերին»,-ասաց վարչապետը:

  • Կիսվել: