Վերակառուցվելու և գործարկվելու են «Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի հետ Հայաստանի սահման» և «Երասխ-Նախիջևանի հետ Հայաստանի սահման» երկաթուղային հատվածները. Կառավարության 5-ամյա ծրագիրը
Կառավարության տրանսպորտի ոլորտի քաղաքականության հիմքում է լինելու «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ ընդգրկված հիմնական ենթակառուցվածքների կառուցումը, վերականգնումն ու արդիականացումը: Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման նպատակը Հայաստանը տարածաշրջանային և միջազգային լոգիստիկ կապուղիներին ինտեգրելն է։ Այս մասին ասված է Կառավարության 5-ամյա ծրագրում։
«-Գործարկվելու է TRIPP ուղու երկաթուղային ենթակառուցվածքը:
-Վերակառուցվելու և գործարկվելու են «Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի հետ Հայաստանի սահման» և «Երասխ-Նախիջևանի հետ Հայաստանի սահման» երկաթուղային հատվածները:
-Երկաթուղու հավատարմագրված կառավարման համակարգը վերանայվելու է այնպես, որ չխոչընդոտի Հայաստանի Հանրապետության միջազգային տրանսպորտային համակարգի ինտեգրման այն պատմական հնարավորության իրականացմանը, որը ստեղծվել է»,-ասված է մշակված ծրագրում։
Ծրագրի ամփոփման մեջ նշվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ նոր որակի պետություն և ապահովել պետության վերելքը։ ՀՀ-ն այսպիսով թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ Հանրապետություն։
Ծրագիրն ամբողջությամբ՝ այստեղ (հարց 24)։



