կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Վայոց Ձորի Մոզրովի դպրոցը կփակվի, իսկ Մեծ Մասրիկի տարրական դպրոցը կմիավորվի միջնակարգի հետ

Վայոց Ձորի Մոզրովի դպրոցը կփակվի, իսկ Մեծ Մասրիկի տարրական դպրոցը կմիավորվի միջնակարգի հետ

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստում որոշեց Վայոց ձորի մարզի Մոզրովի հիմնական դպրոցը միացնել Վայոց ձորի մարզի Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցին և ստեղծել մեկ միջնակարգ դպրոց:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Մոզրովի հիմնական դպրոցին լիզենզիայով հատկացվել է 100 տեղ, սակայն ներկայումս դպրոցում սովորում է 0 աշակերտ: Դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 5-ն է:

Իսկ ահա Արփիի Վ. Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցի հզորությունը նախատեսված է 330 սովորողի համար, սովորում է 143 աշակերտ: Դպրոցի աշխատողների ընդհանուր թիվը 30 է:

Հիմք է ընդունվել նաև այն, որ Մոզրով գյուղից ամենամոտ Արփի գյուղն է, նաեւ Արփիի միջնակարգ դպրոցի շենքային պայմանները ավելի բարենպաստ են:

Բացի այդ, կառավարությունը որոշեց միաձուլել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոցը և Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոցը՝ ստեղծելով Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոց:

Նշվում է, որ Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոցի աշակերտների թիվը 41 է, իսկ աշխատակիցների թիվը՝ 19: Իսկ գյուղի միջնակարգ դպրոցն ունի 421 աշակերտ (ներառյալ նախակրթարանի սաները՝ 18 սան) և 68 աշխատակից:

Այս երկու դպրոցներն իրարից հեռու են ընդամենը 500 մետր:

Նախագծով առաջարկված միաձուլման արդյունքում կբարձրանա կառավարման արդյունավետությունը ևկնպաստի ուսումնական տարածքների արդյունավետ օգտագործմանը, որը կբացառի տարրական դասարանների աշակերտների և նախակրթարանների սաների թերհամալրումը:

Այս միաձուլման արդյունքում արդյունքում ակնկալվում է մոտ 15 հաստիքների օպտիմալացում և տարեկան շուրջ 20 միլիոն ՀՀ դրամի տնտեսում:

  • Կիսվել: