չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2020
Ucom-ը փոխհատուցում կտրամադրի բաժանորդներին կապի խափանման համար

Ucom-ը փոխհատուցում կտրամադրի բաժանորդներին կապի խափանման համար

Ucom ընկերությունը նախատեսում է ընդհանուր հաշվով 105 միլիոն ՀՀ դրամ տրամադրել ֆիքսված կապի իր բաժանորդներին հուլիս ամսվա ընթացքում տեղի ունեցած կապի խափանման համար։

Ucom-ի թիմի գնահատմամբ կապի խափանման արդյունքում մեր բաժանորդներին պատճառված անհարմարությունները դժվար է չափել գումարով։ Գնահատելով Ucom-ի բոլոր բաժանորդների համբերատարությունը՝ Ucom-ի ողջ անձնակազմը շնորհակալություն է հայտնում բարդ ժամանակահատվածում շատ կարևոր ու անգնահատելի աջակցության համար։

Հաշվի առնելով, որ Ucom-ի հազարավոր բաժանորդներ կցանկանային խուսափել տեխնիկական խնդիրների պատճառով առաջացած սթրեսից և գուցե փոքր կհամարեն անհատական սահմանաչափերը (ֆիզիկական անձ հանդիսացող յուրաքանչյուր բաժանորդին ըստ սակագնային պլանի կարող է տրամադրվել 500-ից 2000 ՀՀ դրամ), ընկերության անձնակազմը 105 մլն ՀՀ դրամի տնօրինման վերաբերյալ մի առաջարկ ունի։ Այդ առաջարկին ընթացք տալու կամ չտալու վերաբերյալ որոշումը կկայացվի՝ Ucom-ի բաժանորդների անվճար SMS-քվեարկության և զանգերի արդյունքների հիման վրա։ 1004 կարճ համարից բաժանորդները հարց կստանան՝ արդյոք ցանկանում են, որ 105 մլն ՀՀ դրամն ամբողջապես տրամադրվի բաժանորդներին (յուրաքանչյուրին՝ 500-2000 դրամ ըստ սակագնային պլանի), թե այդ գումարը նպատակահարմար են գտնում Ucom-ի բոլոր բաժանորդների անունից փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ հաշվի առնելով հիմնադրամի գործունեության ուղղությունը և արդիականությունը։

Վերջնական որոշման վերաբերյալ Ucom-ը հավելյալ տեղեկատվություն կտրամադրի։

  • Կիսվել: