կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Թութուն և տանիքի ծածկեր արտադրող ընկերություններն արտոնություն ստացան. Խոստանում են շուրջ 18 մլրդ դրամի ներդրում

Թութուն և տանիքի ծածկեր արտադրող ընկերություններն արտոնություն ստացան. Խոստանում են շուրջ 18 մլրդ դրամի ներդրում

Կառավարությունն իր այսօրվա նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՋԼ ՏՈԲԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել թութունի արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արարատի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2024թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 12.8 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 49 աշխատատեղ 460 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում նոր աշխատատեղերի ստեղծում չի նախատեսվում։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 12.8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 232.8 մլն դրամ:

Մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատվեց նաեւ «ԳԵՊՈՏԱՆԻՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի կողմից ներմուծվող սարքավորումները և հումքը նախատեսվում է օգտագործել տանիքի ծածկերի, տանիքի համալրող մասերի, սենդվիչ պանելների և այլ արտադրատեսակների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին։

Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 5 մլրդ դրամի ներդրում՝ սարքավորումների, հումքի ձեռքբերման և շինարարական աշխատանքների իրականացման համար։

Ներկայումս առկա է 45 աշխատատեղ՝ 672 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել՝ մինչև 56-ի 1 մլն դրամ միջին ամսական աշխատավարձով։

 

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4․7 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 266․7 մլն դրամ։

  • Կիսվել: