Տնտեսական և ժողովրդագրական վերակառուցումը չի կարող լիարժեք լինել առանց Սփյուռքի մասնակցության. Ավինյան
Երևանում այսօր անցկացվում է «Հայաստան-Սփյուռք գործնական հարաբերությունների զարգացում» հայկական առևտրային ցանցի չորրորդ համաժողովը։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համաժողովի ժամանակ իր ելույթում նշել է, որ իր պատմության ամբողջ ընթացքում հայերը եղել են համաշխարհային առևտրային ազգ և առևտրային ցանցեր են ստեղծել Սինգապուրից մինչև Վենետիկ, Կահիրեից մինչև Ամստերդամ:
Նա միաժամանակ ասել է, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն այսօրվա դրությամբ ստանձնել են ինկլյուզիվ, ինովացիոն և զարգացած տնտեսություն կառուցելու առաջադրանք:
Ըստ փոխվարչապետի՝ այսօր կառավարության խնդիրն է այնպիսի երկրի կառուցել, որը կլինի մրցունակ, որպես երկիր կապահովի իր քաղաքացիների բարգավաճումը, որը համընթաց է քայլում աշխարհի առաջավոր երկրների հետ:
«Վստահ եմ, որ ձեզ էլ տեսանելի են Հայաստանում տեղի ունեցող և ընթացող փոփոխությունները՝ ուղղված բիզնես միջավայրի բարելավմանը ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի ձեռնարկատերերի կողմից ներդրումների իրականացման լավագույն պայմաններ ստեղծելու համար»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:
Նա միաժամանակ ասել է, որ տնտեսական և ժողովրդագրական վերակառուցումը չի կարող լիարժեք լինել առանց հայկական սփյուռքի ներկայացուցիչների ակտիվ մասնակցության: