հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Տիգրան Ավինյանը որևէ մասնագիտական ունակություններ չունի, որ ղեկավարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը. Վահե Հակոբյան

Տիգրան Ավինյանը որևէ մասնագիտական ունակություններ չունի, որ ղեկավարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը. Վահե Հակոբյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը տեղեկություն չունի, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարող է նշանակվել Զանգեզուրի պնղձամոլիբդենային կոմբինատի տնօրեն։

«Ինձ թվում է՝ դա մամուլի մտահղացումն է, Տիգրան Ավինյանը, ինչքան՝ գիտեմ, որևէ մասնագիտական ունակություններ չունի, որ  ղեկավարի կոմբինատը», - լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբյանը։

Նա ընդգծեց՝ քանի որ բաժնեմասի մեծ տոկոսն ունի «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, ըստ այդմ, տնօրեն կնշանակվի հենց ընկերության կողմից։

Հարցին՝ վտանգ սպառնո՞ւմ է իր ընտանեկան մասնաբաժնին, քանի որ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «ժողովրդից թալանածը հետ ենք վերադարձնելու», պատգամավորն արձագանքեց. «Չհասկացա, որ գիծը տանում եք։ Այս պետության կողմից իմ նկատմամբ երեքուկես տարի է՝ ցանկացած վտանգ է սպառնում, ցանկացած վտանգ ստանում է իր պատասխանը և այդպես էլ շարունակվելու է»։

Հակոբյանն ասաց, թե իր համար անհասկանալի է՝ ինչպես բաժնեմասերը հայտնվեցին «Գեոպրոմայնինգ» ընկերության ձեռքում, սակայն ենթադրություններ ունի, որով դեռ չի կիսվի։

«Ես ձեզ խոստանում եմ՝ երբ հասկանամ, թե վերջնական ինչ է կատարվել, անմիջապես ասուլիս կհրավիրեմ ու բոլոր հարցերին կանդրադառնամ», - նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Հիշեցնենք՝ «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը և ՀՀ կառավարությունը հայտարարել են, որ ընկերությունը ՀՀ կառավարությանն է նվիրաբերել ընկերության 25% բաժնետոմսերը։

«Արդյունաբերական ընկերությանն» է պատկանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 60%-ը։ ՀՀ կառավարությանը նվիրաբերված 25%-ը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%֊-ը, որն էլ հետևապես անցել է ՀՀ սեփականությանը։

«Արդյունաբերական ընկերությունը» «Գեոպրոմայնինգ Արմենիային» պատկանող ընկերություն է, որը 2021թ. սեպտեմբերի 30֊ին ձեռք էր բերել ԶՊՄԿ֊ի 60%-ը։

  • Կիսվել: