ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Տեսչական մարմինը քաղաքաշինության բնագավառում իրավախախտման համար 300 հազար դրամով տուգանել է կառուցապատողին

Տեսչական մարմինը քաղաքաշինության բնագավառում իրավախախտման համար 300 հազար դրամով տուգանել է կառուցապատողին

Երևան քաղաքի Չեխովի փողոց, 20 հասցեում գտնվող ավարտված շինարարական օբյեկտում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի կատարած ուսումնասիրության արդյունքում կազմվել է քաղաքաշինության բնագավառում իրավախախտում կատարելու վերաբերյալ արձանագրություն։ 

Կառուցապատող Ա․ Զաքարյանը ՀՀ օրենսդրությամբ լիցենզավորման ենթակա համարվող շինարարական աշխատանքներն իրականացրել է առանց համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով։ Այսինքն՝ խախտվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի այն դրույթը, ըստ որի շինարարությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է։ 

Բացի այդ՝ կառուցապատողի կողմից չի ապահովվել շինարարության որակի տեխնիկական հսկողությունը, որով խախտվել են ՀՀ քաղաքաշինության նախարարի 28․04․1998 թ․ «Շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացման հրահանգ» թիվ 44 հրամանի և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի պահանջները։

Հիմք ընդունելով վարչական գործում եղած ապացույցները և հաստատված համարելով կառուցապատող Ա․ Զաքարյանի կողմից թույլ տրված վարչական իրավախախտման փաստը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը կառուցապատող Ա․ Զաքարյանին ենթարկել է վարչական պատասխանատվության՝ վերջինիս նկատմամբ նշանակելով վարչական տույժ՝ տուգանք՝ 300000 դրամ գումարի չափով:

  • Կիսվել: