կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Թերացումները չեն վերացվել. Ավանեսյանը՝ Քանաքեռ-Զեյթունի ծննդատան փակման մասին

Թերացումները չեն վերացվել. Ավանեսյանը՝ Քանաքեռ-Զեյթունի ծննդատան փակման մասին

Իհարկե, բողոք նամակ ստացել ենք, բայց ոչ թե մեզ ուղղված, այլ այլ ատյաններին, որին մենք արձագանքել ենք։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով նրան, որ Երեւանում փակվել է քաղաքի միակ պետական Քանաքեռ-Զեյթունի ծննդատունը, որի աշխատակիցները բողոք նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Լրագրողն ընդգծեց, որ թեեւ առողջապահության նախարարությունը նշել է, որ այդ  ծննդատան լիազոր մարմինը Երևանի քաղաքապետարանն է, այնուամենայնիվ բժիշկները պնդում են, որ նախարարի անվան հետ կապվող և նրա հովանու ներքո գործող «Վիգմոր»  կանանց և երեխաների հիվանդանոցն է պատճառը, որտեղ բացվել է կամ արդեն կամ բացվելու է ծննդաբերական բաժանմունք, և գտնվում է հենց Քանաքեռ–Զեյթուն ծննդատան հարևանությամբ:

Ի պատասխան Ավանեսյանն ասաց. «Ես պետք է մի քիչ հետ գնամ և նախ ներկայացնեմ, թե ի՞նչ է անում առողջապահության նախարարությունը և ինչի համար է պատասխանատու առողջապահության նախարարությունը: Մենք մեր առջև խնդիր ենք դրել Հայաստանում ծննդօգնության որակի բարձրացման։ Որակ նշանակում է՝ բոլոր ծննդատները, անկախ ում ենթակայության տակ են և անկախ որտեղ են գտնվում, պետք է համապատասխանեն մեր կողմից սահմանված չափորոշիչներին, որովհետև մենք գործ ունենք երեխաների ծնվելու և մայրերի մահացության դեպքերի հետ։ Եվ վերանայվել են չափորոշիչները, գնահատվել են հանրապետության ծննդատները, վերանայվել են մակարդակները, բոլոր ծննդատները իրենց թերությունները վերացրել են սահմանված ժամկետում և համապատասխանեցրել են պայմանները մեր չափորոշիչներին:

Երբ կինը գնում է ծննդաբերելու, ապա պետք է վստահ լինի, որ այդ ծննդատունը համապատասխանում է բոլոր որակի չափորոշիչներին։ Սա է մեր պատասխանատվությունը։

Ծննդատունը գնահատվել է, կազմվել են 15-ից ավել խնդրահարույց կետեր, տրվել է ժամանակ, որպեսզի ծննդատունը վերացնի խնդիրները և համապատասխանի կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչներին։ Դրանք չեն վերացվել և առողջապահության նախարարությունը, այո, նրանց չի տրամադրել ծննդօգնության իրականացման համապատասխան մակարդակի մասին որոշում:

Հաջորդիվ, թե տարիներ ի վեր ինչպես է հանձնվել կառավարման, ո՞վ է հանձնվել, ինչ գումարով, ինչի դիմաց, ինչու չի լավ կառավարվել, դրա հասցեատերը ես չեմ: Ես ուրեմն նորից շարունակելու եմ պնդել, որ մեզ համար առաջնայինը ծննդօգնության որակն է, և Երևան քաղաքը ունի բավարար ծննդօգնության կարողություններ սպասարկելու մեր քաղաքացիներին, և մենք մեր առաջնահերթությունը որպես քաղաքականություն պիտի տանք մեր ծննդկանների շահերին»,- հայտարարեց Ավանեսյանը:

  • Կիսվել: