շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ՃՇՀԱՀ-ը և «Դելոյթ Քընսալթինգ» ընկերությունը ջրային ռեսուրսների կառավարման ուղղությամբ համագործակցության նամակ-հուշագիր են ստորագրել

ՃՇՀԱՀ-ը և «Դելոյթ Քընսալթինգ» ընկերությունը ջրային ռեսուրսների կառավարման ուղղությամբ համագործակցության նամակ-հուշագիր են ստորագրել

Ջրային ռեսուրների արդյունավետ կառավարումը աշխարհի գերխնդիրներից մեկն է, որի լուծմամբ զբաղված են ոչ միայն էկոլոգները, այլև ակտիվ աշխատում են ինժիներները՝ հիդրոշինարարները։ Այս տեսանկյունից առանձնակի կարևորվեց ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի շրջանակներում «Դելոյթ Քընսալթինգ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի և Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի միջև համագործակցության նամակ-հուշագրի ստորագրումը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը։ 

«Ուրախ ենք, որ նման համագործակցության արդյունքում կամրապնդվեն Հայաստանի ակադեմիական հաստատությունների հետ կապերը և կփոխանակվեն գիտելիքներն ու լավագույն փորձը Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում»,- ընդգծեց ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի ղեկավար Արմեն Վարոսյանը:

Համագործակցության նպատակն է իրականացնել փոփոխություններ ջրային ոլորտի համակարգերի զարգացման ծրագրերում և դրանից դուրս, ինչպես նաև խթանել ակադեմիական կապերը և գիտելիքների փոխանակումը:    

«Սա խոստումնալից գործընկերության սկիզբ է, որը հիմք կհանդիսանա ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ կրթության ոլորտում համագործակցության, նորարարության, գիտելիքների փոխանակման համար։», -ընդգծեց համալսարանի Միջազգային կապերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը:

Համալսարանի կողմից հուշագիրը վավերացրեց Գիտական գծով պրոռեկտոր Մանուկ Բարսեղյանը, մյուս կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի կողմից ղեկավար Արմեն Վարոսյանը: Կողմերի գնահատմամբ՝այս համագործակցությունը  կձևավորի  հիանալի գաղափարների և ջրային ոլորտի համակարգերի ապագա առաջնորդների դինամիկ միջավայր:

«Ակադեմիական հաստատությունները գիտելիքի, նորարարության և հմտությունների զարգացման հիմքն են: Համագործակցելով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ՝ մենք ցանկանում ենք օգտագործել համալսարանի ակադեմիական կարողությունները, ինչը կխթանի մեր ծրագրի ազդեցության բարձրացմանը: Համալսարանի հետ համագործակցությունը զուտ համագործակցություն չէ։ Սա ներդրում է, որի արդյունքում կկրթվեն Հայաստանի ջրային ոլորտի ապագա մասնագետները»,-նշեց Deloitte Consulting ընկերության գործադիր տնօրեն Դեյվիդ Սպիրան:

 ՃՇՀԱՀ-ի հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի կառուցվածքներ կրթական ծրագրի (մասնագիտության) շրջանավարտները արդեն իսկ բարձր կուրսերում պահանջարկված են աշխատաշուկայում։ Այդ պահանջարկը նոր թափ կառնի, քանի որ կառավարության ծրագրով նախատեսված է Հայաստանում կառուցել մի շարք ջրամբարներ․ «Կապս»-ի և «Վեդի»-ի ջրամբարների շինարարությունն արդեն սկսված է։

  • Կիսվել: